Արդյոք խոշորացվող համայնքների բնակիչների կամարտահայությունը հաշվի առնվել է. Արտակ Զեյնալյան
«Համայնքների խոշորացման պրոցեսի ավարտից հետո մենք նախատեսում ենք Ազգային ժողով ներկայացնել համապատասխան օրենսդրական նախաձեռնություն ընտրակարգի փոփոխության հետ կապված»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանի հարցին, թե խոշորացված համայնքներում ե՞րբ է ներդրվելու ավագանու ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու համակարգը:
Վ. Տերտերյանի խոսքով, ամեն ինչ հաջող ընթանալու դեպքում դա տեղի կունենա 2018-ին, այսինքն ընտրությունների հաջորդ էտապը տեղի կունենա համամասնական ընտրակարգով:
Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր նրան, թե արդյո՞ք համայնքների բնակիչների կամարտահայությունը հաշվի առնվել է, հանրային լսումներ անցկացվե՞լ են, հիմնական զեկուցողն ասաց, որ համայնքների հետ քննարկումներ եղել են. «Այս թեման քննարկվում է 2008 թվականից, միշտ եղել է քաղաքական օրակարգում, բոլոր կառավարությունների ծրագրերում եղել է խոշորացման հարցը»:
Նա նաև նշեց, որ հունվարից սկսած այս նախագիծը ներկայացվել է մարզպետարաններին, քննարկել են համայնքների ղեկավարների, ավագանու հետ: Վ. Տերտերյանի խոսքով, քննարկում որոշակի առումով եղել է փորձագիտական հանրույթի հետ, իրենց թիմը եղել է համայնքներում, որտեղ, փոխնախարարի վստահեցմամբ, անկաշկանդ մթնոլորտում քննարկումներ են եղել:
Հիշեցնենք, որ այս նախագծերով առաջարկվում է ձևավորել 34 ավելի ընդգրկուն տեղական ինքնակառավարման համայնքներ, դրա մեջ միավորել 328 համայնք:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկ. Միավորել 328 համայնք՝ ձևավորելով 34-ը
- Համայնքների խոշորացումը բարեփոխում չէ, այլ չարիք. Սոս Գիմիշյան
- Թաթուլ Մանասերյան. Խոշորացման ծրագրի դեմը պետք է առնել
- Խոշորացումը համայնքներին կհասցնի «անապատացման». տնտեսագետ
- Դավիթ Լոքյան. Խոշորացումը համայնքներում առաջ է բերել լուրջ փոփոխություններ
- Խոշորացումն արվում է մի քայլ առաջ գնալու եղած իրավիճակից. ԱԺ պատգամավոր