ԱՆ. Թումոյի սանն ազատվել է հեպատիտ Ց վիրուսից
2016 թվականի ապրիլին ավտոբուսի պայթյունից տուժածների թվում էին Թումոյի 2 սաներ՝ Է. Գ.-ն և Ռ. Խ.-ն։ Նրանք ստացել էին բազմաթիվ վնասվածքներ։ Բժիշկների գործունեության արդյունքում դեռահասների առողջական վիճակը աստիճանաբար կարգավորվեց։ Սակայն հերթական հետազոտությամբ պարզ դարձավ, որ երկու դեռահասն էլ վարակվել են հեպատիտ Ց վիրուսով։
ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նրանք, ըստ միջազգային ուղեցույցների, հսկվել են ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների կողմից, կազմակերպվել է հեպատիտ Ց վիրուսի կողմից առաջացրած լյարդի փոփոխությունների հետազոտություններ։
Դեպքից մեկ տարի հետո Թումոյի սաները հետազոտվել են վերջնականապես, որի արդյունքում դեռահասների մոտ ախտորոշվել է քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց։ Նրանց առաջարկվել է երեքամսյա տևողությամբ հակավիրուսային բուժում նորագույն դեղամիջոցներով։
«Կարևոր է նշել, որ երկու երեխայի բոլոր հետազոտությունները և խորհրդատվությունները ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և մշտական հսկողությամբ կազմակերպվել են անվճար։ Բուժումը կազմակերպվել է հովանավորների կողմից հատկացված դեղամիջոցներով՝ կրկին անվճար հիմունքներով։ Ցավոք, հիվանդներից Ռ. Խ.-ի մայրը հրաժարվել է տղայի բուժումից։
ՀՀ ԱՆ Գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանն ուրախությամբ տեղեկացնում է, որ Է. Գ.-ի մոտ բուժման առաջին ամսում ստացվել է դրական արդյունք՝ տղան ազատվել է վիրուսից»,-ասված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ԱՆ-ն իր հաղորդագրությունում չի նշել, թե ինչ պայմաններում են երեխաները վարակվել և եթե բուժաստատությունն է մեղավոր, ապա ինչ պատժամիջոցներ միջոցներ են ձեռնարկվել որպես հետևանք:
Հարակից հրապարակումներ`
- Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիներին կրկնակի վիրահատությունից հետո կտեղափոխվեն հիվանդասենյակ
- Ավտոբուսի պայթյունից տուժած.«Աչքերս բացեցի՝ արդեն երկաթի, ապակու կտորներ էին ձեռքերիս մեջ». «Ժամանակ»
- Ավտոբուսի պայթյունի հետևանքով շենքերի պատուհանների կոտրված ապակիները փոխարինվել են նորերով