Թուրքիայի խորհրդարանում արտահերթ կարգով կքննարկվի Քաթար զորախումբ ուղարկելու հարցը
Թուրքիայի կառավարության առաջարկով այսօր մեջլիսի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման կդրվի Քաթարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու մասին ավելի վաղ կնքված համաձայնագիրը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Քաթարի տարածքում բանակի և ժանդարմերիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին համաձայնագրերը նախատեսվում էր ավելի ուշ քննարկել, սակայն Սաուդյան արաբիայի գլխավորությամբ արաբական մի քանի երկրների և Քաթարի միջև ստեղծված ճգնաժամի պատճառով դրանք կքննարկվեն արտահերթ կարգով:
Թուրքական աղբյուրները նշում են, համաձայնագրերի վավերացումը որևէ կասկած չի հարուցում, քանի որ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) խորհրդարանում ունի անհրաժեշտ մեծամասնությունը:
Նշվում է, որ իշխող կուսակցության այս նախաձեռնությանը դեմ է արտահայտվել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ): ԺՀԿ-ի փոխնախագահ Օզթուրք Յըլմազը հայտարարել է, որ իրենք անընդունելի են համարում այս պահին այդ համաձայնագրերի վավերացումը, քանի որ այդ քայլով Թուրքիան ինքնաբերաբար կդառնա կոնֆլիկտի կողմ և վտանգի տակ կդնի Սաուդյան Արաբիայի գլխավորած բլոկի երկրների հետ իր հարաբերությունները:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին օրերին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը և Լիբիան խզել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ վերջինիս մեղադրելով «տարածաշրջանն ապակայունացնելու» մեջ։ Քաթարի հետ կապերը խզել են նաև Մալդիվյան կղզիները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախ հանդես եկավ կողմերին ուղղված երկխոսության կոչով, ապա հայտարարեց, որ անարդարացի է համարում Քաթարին ուղղված մեղադրանքները:
Հարակից հրապարակումներ`
- Արաբագետ. Քաթարի քաղաքացիներից ահաբեկչական սպառնալիք Հայաստանի համար չկա
- Սաուդյան Արաբիայում փակվել է քաթարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը
- Եգիպտոսը 48 ժամ է տվել Քաթարի դեսպանին երկիրը լքելու համար
- Իրանի նախագահի աշխատակազմը արձագանքել է Քաթարի շուրջ ընթացող զարգացումներին
- Արաբական չորս պետություն խզել է դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ