Բաբկեն Պիպոյան. Խաղալիքը գնելուց առաջ պետք է պահանջել անվտանգությունը հավաստող սերտիֆիկատ
Հայաստանում վաճառվող խաղալիքների անվտանգության հարցը խիստ մտահոգիչ է: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Տարիներ շարունակ խաղալիքների շուկան մնացել է վերահսկողությունից դուրս»,-ասաց սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ղեկավարը:
Նրա խոսքով, վերահսկողության բացակայությունն ունեցել է և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ՝ վերակառուցման փուլում էր շուկայի վերահսկողության տեսչությունը և ստուգում իրականացնելու իրավասություն ունեցող մարմին գոյություն չուներ, իսկ վերակազմավորումը եղավ առանց համապատասխան օրենսդրական դաշտի:
«Եվ միայն այն պահից սկսած, երբ պետական կառույցն ուներ օրենսդրությամբ սահմանված լծակներ, մենք նախաձեռնել ենք ոլորտում վերահսկողական գործառույթների իրականացում»,-ասաց Պիպոյանը:
ՀԿ-ն պետական մարմնի հետ համագործակցությամբ նախաձեռնել է խաղալիքների շուկայի ուսումնասիրություն: Արդյունքները դեռ վերջնական չեն, սակայն նախնական պատկերն այնպիսին է, որ Հայաստանում խաղալիքների գրեթե 80 տոկոսը վաճառվում է առանց համապատասխան սերտիֆիկատի:
«Դա նշանակում է, որ խաղալիքներն անհայտ ծագման են: Ես հորդորում եմ, խնդրում եմ մեր սպառողներին, անպայման պահանջել խաղալիքի անվտանգության մասին հավաստող սերտիֆիկատ, միայն դրա առկայության պարագայում ձեռք բերել խաղալիքը»,-ասաց ՀԿ նախագահը:
Պիպոյանը թվարկում է վտանգավոր խաղալիքների հնարավոր վտանգները՝ նյարդային համակարգի խնդիրներից ընդհուպ մինչև ասթմա, ալերգիա, քաղցկեղ ու մաշկային տարբեր խնդիրներ:
«Ոչ թե վախեցնում եմ մեր քաղաքացիներին, այլ զգոնության կոչ եմ անում՝ հորդորելով պարտադիր պահանաջել սերտիֆիկատ: Դրա բացակայության պարագայում սպառողը կարող է դիմել շուկայի վերահսկողության տեսչական մարմնին»,-ասաց նա:
Հիմա ՀԿ-ն ակտիվորեն քննարկումներ ու բանակցություններ է վարում պետական համապատասխան մարմնի հետ, որպեսզի Հայաստանում հասնեն մի իրավիճակի, երբ խաղալիքի անվտանգությունը հավաստող սերտիֆիկատի տրամադրումը չլինի զուտ փաստաթղթի տրամադրում, ինչպես մինչև հիմա եղել է շատ հաճախ, այլ այն տրամադրվի լաբորատոր փորձաքննությունների արդյունքում:
«Պետք է այս ամենը գա բովանդակային հարթություն: Պետք է կարողանանք անցում կատարել առանց տագնապների՝ մի կողմից պաշտպանելով սպառողի շահերը, մյուս կողմից՝ չվնասելով բիզնեսին»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը:
Հիմա կազմակերպությունն աշխատում է նաև սերտիֆիկացնող կազմակերպությունների հետ՝ հասկանալու լաբորատոր հնարավորությունները, դրանց ներուժը, դրանք ի՞նչ ցուցանիշներ կարող են ստուգել, որոնք՝ ոչ:
«Մոնիտորինգի ավարտից հետո մենք կհրավիրենք շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ աշխատանքային քննարկում, որի ժամանակ կսահմանվեն կանոնները, որոնց պետք է հետևեն բոլորը»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում