Նոր արտոնություններ՝ թեթև արդյունաբերության ոլորտին
ՀՀ կառավարությունը թեթև արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպություններին նախատեսում է տրամադրել լրացուցիչ արտոնություններ:
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես տեքստիլի, տրիկոտաժի, կաշեգործության, կոշկակարության և գորգագործության ոլորտների զարգացմանն ուղղված պետական գործուն աջակցության անհրաժեշտության հարցին՝ նշեց, որ կառավարությունը պետք է իր գործողությունների արդյունքում նպաստի լուրջ ներուժ ունեցող նշված ձեռնարկատիրական ոլորտների զարգացմանը և հատկապես նոր աշխատատեղերի ստեղծմանը:
«Հաշվի առնելով վերոնշյալը՝ հանձնարարում եմ ՀՀ ֆինանսների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին և ԿԱ պետական եկամունտերի կոմիտեի նախագահին՝ երկշաբաթյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ Երևանում և Երևանից դուրս, թեթև արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպություններին և վերջիններիս կողմից նոր աշխատատեղեր ստեղծելու դեպքերում լրացուցիչ արտոնությունների տրամադրման հնարավորության և գործիքակազմի վերաբերյալ»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ մասնավոր հատվածի հետ այս հարցի շուրջ խոսել են:
Վարչապետը հայտարարեց, որ Երևանից դուրս գործունեություն ծավալող կազմակերպությունների համար պետք է լինի արտոնություն, որպեսզի խթանվի շրջաններում գործունեության իրականացումը, աշխատատեղերի ստեղծումը:
«Պետք է ունենանք սուբսիդավորման հստակ մեխանիզմներ: Նաև խոսել ենք, որ կոշկագործության վերաբերյալ ռազմավարություն և ծրագիր պետք է ներկայացնի պարոն Կարայանը, քանի որ այնտեղ մեծ ներուժ ունենք: Տրիկոտաժի մասով բավականին նյութ ևս ունենք և հստակ ծրագիր»,- նշեց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ բոլոր այս հարցերի ուղղությամբ սպասում է կոնկրետ առաջարկների:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան