Հայաստանում մանկապարտեզներ հաճախում է նախադպրոցական տարիքի երեխաների միայն 57 տոկոսը. Անահիտ Բախշյան
Ռուսաստանհյան հասարակական կազմակերպություններն առաջարկում են պետական մակարդակով փոխհատուցում վճարել այն ծնողներին, որոնց երեխաները դուրս են մնացել մանկապարտեզների հերթագրումներից։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծնողներին վճարել նվազագույնը 20 հազար ռուբլի, որպեսզի վերջիններս այդ գումարով գոնե դայակներ վարձեն։
Թե որքանո՞վ աշխատող մեխանիզմ է սա և արդյո՞ք տեղին կլիներ ռուսաստանյան փորձը կիրառել նաև Հայաստանում, Panorama.am-ի թղթակիցը հետաքրքրվեց Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանից։
Վերջինս իր դրական վերաբերմունքն արտահայտեց ռուսաստանյան հասարակական շրջանակների այս նախաձեռնությանը՝ միաժամանակ, սակայն, հիշեցնելով, որ պրակտիկան Հայաստանում դժվար թե հնարավոր լինի կիրառել։
Անահիտ Բախշյանի խոսքով, դրա համար նախևառաջ պետք է, որ նախադպրոցական կրթությունը մեր երկրում պարտադիր լինի։ Քանի դեռ նախադպրոցական կրթությունն օրենսդրական պահանջ չէ, հնարավոր չէ պետությանը ստիպել հոգալու մանկապարտեզներից դուրս մնացած երեխաների հարցը։
«Քանի որ մեր երկրում նախադպրոցական կրթությունն օրենքով պարտադիր չէ, պետությունն էլ կարող է ասել՝ պարտավորություն չեմ ստանձնում ֆինասավորել մանկապարտեզ չհաճախող երեխաների ծնողներին։ ՀՀ կառավարությունը պարտավորություն էր ստանձնել՝ 2011-2015 թթ. Ծրագրով նախադպրոցական տարիքի երեխաների 90 տոկոսին ապահովել համապատասխան կրթությամբ։ Խոստումը չի կատարվել։
Այսօր Հայաստանում մանկապարտեզներ հաճախում է նախադպրոցական տարիքի երեխաների միայն 57 տոկոսը։ Այլ խնդիր է Հայաստանի որոշ համայքներում համայքնապետերի քմահաճույքով մանկապարտեզներ փակելը։ Ասում են՝ միջոցներ չունենք և փակում են։ Օրինակ, 2012 թվականից այս վիճակում է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի մանկապարտեզը։ Այս մարդկանց պետք է պատասխանատվության ենթարկել, քանի որ նրանք խոչընդոտում են երեխայի կրթության իրավունքին»,- նկատեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից ավելի վաղ հայտնել էին, որ 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Երևանի մանկապարտեզներում հերթագրված է շուրջ 8000 երեխա: 3 տարեկանից բարձր հերթագրված երեխաների թիվն է 1800։
Քաղաքապետարանից միաժամանակ տեղեկացրել էին, որ Երևանի ենթակայության մանկապարեզներ է հաճախում շուրջ 30.953 երեխա։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում գործում է հիմնանորոգված և մասնակի նորոգված 140 մանկապարտեզ. ՀՀԿ ավագանու թեկնածու
- Բախշյան. Ստեղծվել է մանկապարտեզներ հաճախող և հերթագրված երեխաների հաշվառման էլեկտրոնային ծրագիրը
- Սեպտեմբերի 1-ից երևանյան մանկապարտեզներ կընդունվեն ևս 1300 երեխաներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին