Դավիթ Թորոսյան. Պայքարելու ենք մրցանակային տեղերի համար
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն (Խարկով, հունիսի 15-25-ը) մեկնելուն ընդառաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հարցազրույց է տվել ՀԱՕԿ լրատվականին.
Հարց- Պարո´ն Թորոսյան, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այսօր հրապարակել է մայրցամաքի առաջնությանը մասնակցող ազգային հավաքականի ճշտված կազմը: 69 կգ քաշային կարգում Վլադիմիր Մարգարյանը փոխարինել է Գոռ Երիցյանին: Ինչի՞ հետ է կապված այդ փոփոխությունը:
Պատասխան- Մարզչական շտաբը մինչև վերջին պահը որոշում էր, թե այդ քաշում ով կմեկնի Եվրոպայի առաջնություն:
Գոռի և Վլադիմիրի հնարավորությունները համարյա հավասար էին, բայց վերջին պահին ամեն դեպքում մենք նախապատվությունը Մարգարյանին տվեցինք: Անունների հրապարակման հարցում մի փոքր շտապել էինք:
Հարց- Ի՞նչ մարզավիճակով են բռնցքամարտիկները մեկնում:
Պատասխան- Կարծում եմ` բավարար: Նախապատրաստական փուլը նորմալ է անցել, տղաները լավ աշխատել են: Մնացածը ռինգը ցույց կտա:
Հարց- Մեր մարզիկները 10 քաշային կարգերից 8-ում են հայտավորված: Ինչու՞ են հայ բռնցքամարտիկները բացակայում 56 և 81 կգ քաշային կարգերում:
Պատասխան- Ինչպես գիտեք, 56 կգ քաշային կարգում մենք ունենք Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյան: Սակայն վերջերս պրոֆեսիոնալ ռինգում նա մի քանի մենամարտ է անցկացրել: Մի շարք գործոններից ելնելով, համատեղ որոշում ենք ընդունել, որ նրա համար ավելի լավ կլինի բաց թողնել Եվրոպայի առաջնությունը:
56 և 81 կգ քաշային կարգերում այլ բռնցքամարտիկներ, որոնք կկարողանան արժանի կերպով ներկայացնել մեր երկիրը այդչափ պատասխանատու մրցաշարում, դեռ չունենք: 81 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում Հայաստանը վաղուց ներկայացուցիչ չունի: Հուսանք, իրավիճակը տեսանելի ապագայում կփոխվի:
Հարց- Ե՞րբ և ի՞նչ սպասումներով եք մեկնում Խարկով:
Պատասխան- Հունիսի 14-ին կմեկնենք Ուկրաինա: Ինչ վերաբերում է սպասումներին, կպայքարենք մրցանակային տեղերի համար. այլապես, ինչի՞ մեկնել: