Մարուքյան. Համայնքների խոշորացումը լավ գաղափար էր, որը փչացվել է
«Ինձ մոտ տպավորություն է, որ նոյեմբերի 5-ի ՏԻմ ընտրություններից առաջ դուք ունեք մոտավոր թեկնածուներ, և դրա հիման վրա ձևում եք համայնքների տվյալ փունջը»,-ԱԺ-ում նման մտահոգություն հայտնեց «Ծառուկյան» դաշինքի խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնլով համայնքների խոշորացման վերաբերյալ օրինագծին:
Նա ասաց, չի կարողանում գտնել այն տրամաբանությունը, որով այդ փնջից համայնք է հանվում կամ ընդգրկվում: Համոզմունք հայտնեց, որ Գեղարքունիքում խոշորացումն իրականացվելու է այնպես, ինչպես առաջարկում են, քաղաքական որոշում կա: Առաջարկեց հանդիպել խոշորացվող համայնքների բնակիչներին, ասաց, նրանք կարող են ճիշտ տրամաբանություն ներկայացնել:
«Մի խուսափեք այդ մարդկանց հանդիպելուց, քանի որ մենք որևէ տրամաբանություն չենք տեսնում օպտիմալ կառավարման»,-ասաց նա:
«Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ նախագծում փոփոխություններ են իրականացվել. «Շարունակում եմ կարծել, որ ԱԺ-ն չունի հստակ տվյալներ, թե ինչքանով է արդյունավետ խոշորացումը: Չկան տվյալներ, թե ինչ ստացան խոշորացված համայնքները բնակիչները: Այդ պատճառով արտահերթ նիստով բերել նման նախագծերը, համարում եմ անընդունելի»։
Նույն խմբակցությունից Էդմոն Մարուքյանն ասաց, որ ժամանակին աջակցել է խոշորացման ծրագրին, սակայն դրական արդյունքներ չի տեսել:
«Կոնկրետ Լոռու մարզի խոշորացված համայնքներում որևէ դրական տեղաշարժ չկա: Քարոզարշավի ժամանակ, բոլորը դժգոհել են, հիմա էլ կառավարությունը ռեալ հաջողության արդյունքներ չի ներկայացնում»,-ասաց նա, ավելացնելով, որ լավ գաղափարը փչացվել է, ինչի հետևանքով հիմա չեն կարող աջակցել դրան:
Ի պատասխան տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ բոլոր խոշորացված համայնքներում հաջողության պատմություններ ունեն. «Ես կխնդրեմ հաջորդ համայնքներում լինելուց մի քիչ ավելի ուշադիր լինել: Եթե ցանկանաք, կարող եք հաջողության պատմություններ շատ տեսնել»:
Ինչ վերաբերում է Զոհրաբյանի առաջարկությանը, ասաց, Գեղարքունիքի գրեթե բոլոր համայնքներում եղել ենք, հանդիպել ենք ավելի քան մի քանի տասնյակ բնակիչների հետ, լսել նրանց առաջարկությունները:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին մեր պետությունը պատրաստ չէ համայնքների խոշորացմանը. Մ. Մելքումյան
- Արդյոք խոշորացվող համայնքների բնակիչների կամարտահայությունը հաշվի առնվել է. Արտակ Զեյնալյան
- Լոքյան. 400 համայնքի բյուջետային եկամուտները հնարավորություն չեն տալիս զարգանալու
- Համայնքների խոշորացումը բարեփոխում չէ, այլ չարիք. Սոս Գիմիշյան
- Թաթուլ Մանասերյան. Խոշորացման ծրագրի դեմը պետք է առնել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին