Վրաստանում ապրողների 2,94 տոկոսը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներն են
Վրաստանի 3,7 միլիոն բնակիչներից 83,4 տոկոսը հետևում է ուղղափառության դավանանքին: Նրանց հաջորդում են մահմեդականները՝ 10,74 տոկոս: Երրորդ տեղում 2,94 տոկոսով Հայկական Առաքելական Եկեղեցու հետևորդներն են: Տվյալները ներկայացրել է armenian-community.ge կայքը՝ ըստ կրոնական քարտեզների, որոնց շնորհանդեսին ներկա են եղել Վրաստանի խորհրդարանի, կառավարության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, կրոնական համայնքների առաջնորդներ, հյուրեր:
Վրաստանում Կաթոլիկ եկեղեցու հավատացյալները կազմում են բնակչության 0,52 տոկոսը, Եհովայի վկաները՝ 0,33, եզդիները՝ 0,23, հրեաները՝ 0,04 տոկոս: «Այլնի» սանդղակում ընդգրկվել է բնակչության 1,8 տոկոսը: Այդ թվում այն մարդիկ, ովքեր հրաժարվել են պատասխանել հարցին կամ առավել փոքր կոնֆեսիաների ներկայացուցիչներ են:
Քարտեզները մշակվել են Կրոնի հարցերով պետական գործակալության կողմից: Ընդհանուր առմամբ, կազմվել է երեք քարտեզ՝ տարածաշրջանային, շրջանային և պաշտամունքային: Այդ քարտեզները մատչելի են կրոնի հարցերով գործակալության կայքում: Այն ժամանակ, երբ տարածաշրջանային և շրջանային քարտեզները իրազեկում են Վրաստանի բնակչության կրոնական պատկանելության մասին, ապա «Պաշտամունքային կառույցներ» քարտեզներում ներկայացված են երկրի տարածքում գտնվող մենաստանները, եկեղեցիներն ու մզկիթները:
Նշենք, որ այսօր Վրաստանում բնակվում է 250.000 (ոչ պաշտոնական տվյալներով 400.000) հայ, ովքեր բնակվում են հիմնականում Սամցխե-Ջավախքում, Թբիլիսիում, Քվեմո Քարթլիում, Բաթումում, Քոբուլեթում, Սուրամիում, Գորիում և այլ վայրերում։
Վրաստանում գործում են 46 հայկական եկեղեցիներ, որոնցից 6-ը համարվում են «վիճելի»: Ամենախոշորների թվին պատկանում են Ս.Գևորգ մայր եկեղեցին և Սբ. Էջմիածնոց եկեղեցին Թբիլիսիում, Ս. Խաչ եկեղեցին Ախալաքալաքում, Ս. Սարգիս եկեղեցին Նինոծմինդայում, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Ախալցիխեում և Ս. Փրկիչ եկեղեցին Բաթումում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները