Մայիսին նախորդ տարվա համեմատ բանջարեղենի գներն աճել են 30.4%, մրգինը՝ 17.5%-ով. ԱՎԾ
2017թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 0.8% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի, կաթնամթերքի, պանրի և ձվի, մրգի ապրանքախմբերի՝ 5.3-0.5% գնանկման արդյունք է:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. մայիսին 2016թ. մայիսի համեմատ արձանագրվել է 30.4% գնաճ, իսկ 2017թ. ապրիլի համեմատ` 5.3% գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2017թ. մայիսին 2016թ. մայիսի համեմատ արձանագրվել է 17.5% գնաճ, իսկ 2017թ. ապրիլի համեմատ`0.5% գնանկում:
Ըստ ԱՎԾ-ի՝ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. մայիսին 2016թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.7% գնաճ, իսկ 2017թ. ապրիլի համեմատ`0.6% գնանկում, ընդ որում, ձվի գնանկումը կազմել է 1.1%:
2017թ. մայիսին ապրիլի համեմատ հրուշակեղենի ապրանքախմբում արձանագրվել է 0.3% գնանկում, իսկ հացաբուլկեղենի և ձավարեղենի, սուրճի, թեյի և կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Վիճակագրության համաձայն, մսամթերքի ապրանքախմբում 2017թ. մայիսին 2016թ. մայիսի համեմատ գրանցվել է 1.8%, իսկ 2017թ. ապրիլի համեմատ 1.1% գնաճ:
Ինչ վերաբերում է ձկնամթերքին, ապա 2017թ. մայիսին 2016թ. մայիսի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 23.6%, իսկ 2017թ. ապրիլի համեմատ՝ 0.8% գնաճ:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում ևս արձանագրվել է գնաճ. մասնավորապես, 2017թ. մայիսին 2016թ. մայիսի համեմատ արձանագրվել է 2.6%, իսկ 2017թ. ապրիլի համեմատ՝ 0.2% գնաճ (պայմանավորված կարագի գնի 1.6% թանկացումով):
Ըստ ԱՎԾ-ի՝ 2017թ. մայիսին ապրիլի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 0.1%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի 0.2% գնաճ (պայմանավորված ծխախոտային արտադրատեսակների 0.5% թանկացումով):