«Գայանե» բալետի ներկայացումը տապալելուց հետո օպերային թատրոնում հրավիրվել է ժողով
Նախօրեին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի շրջանակներում ներկայացվելու էր Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետը: Սակայն ներկայացումը չի կայացել, քանի որ նվագախումբը դուրս չի եկել ելույթի:
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, թատրոնի դահլիճում այսօր հրավիրել է ժողով, որին ներկա է եղել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Խնդիրները ներկայացրեք տնօրենությանը՝ ստեղծագործականից մինչև աշխատանքային ու կենցաղային, միասնաբար կփորձենք առողջացնել մթնոլորտն ու համակարգը թատրոնում։ Ամենաբա′րդ խնդիրները բարձրացրեք, բայց ոչ մի դեպքում չի կարելի տապալել ներկայացումը»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով, որևէ կերպ պատկերացնելի չէ, թե ինչպես կարող է արտիստը տապալել ներկայացումը:
«Տոմսերը վաճառված են, լեփ-լեցուն դահլիճ՝ մոտ 750 մարդ սպասում է, և դուք դավաճանում եք ձեր հանդիսատեսին։ Հանդիսատեսը և ներկայացումը սրբություն են իսկական արտիստի համար։ Դա պարզապես սաբոտաժ էր և ապացուցեց, որ իրոք, անհրաժեշտություն են վարչական կառուցվածքային այն փոփոխությունները, որոնք որոշել է իրականացնել մաեստրո Օրբելյանը և որոնց մենք հավանություն ենք տվել։ Միայն դրանք իրականացնելով մենք կունենանք մեր երազած նոր թատրոնը»,-ասել է Ա. Ամիրյանը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանն ասել է. «Արտիստը բացարձակապես իրավունք չունի լքելու հանդիսատեսին ՝ երբեք և ոչ մի պատճառով։ Ինձ համար միևնույն է, թե ով է հեռացված կամ ով՝ ոչ։ Բայց դուք իրավունք չունեք այդպես վարվելու հանդիսատեսի հետ, այդպես վարվելու մեր երկրի հետ»։
Կ. Օրբելյանը հունիսի 8-ի ներկայացմանն իր անձնական միջոցներով արտասահմանյան երկրներից արվեստի գործակալների էր հրավիրել, որոնց հետ թատրոնի հյուրախաղերի ծրագրերի շուրջ էր բանակցելու՝ բեմադրությունը դիտելուց հետո:
«Մեկի անձնական հարցը ստորադասվեց բոլորիս՝ աշխարհում մեր արվեստը ցույց տալու հարցին։ Եթե դուք դա նորմալ եք համարում, ուրեմն ես բան չեմ հասկանում այդ մտածելակերպից ։ Ես ափսոսում եմ, որ այդպիսի հնարավորություն կորցրիք»,- ասել է նա:
Նախարարության հաղորդագրության համաձայն, ժողովում, որին մասնակցել են նաև նվագախմբի անդամները, որոնց մի մասի՝ նվագելուց հրաժարվելու պատճառով չի կայացել ներկայացումը, այդպես էլ որևէ մեկը չի բարձրաձայնել, թե ինչու են տապալել հունիսի 8-ի ներկայացումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան