Օպերայի և բալետի թատրոնում տեղի ունեցած տհաճ միջադեպի մեղավորները խստագույնս պատժվելու են. Փոխտնօրեն
«Երեկ մեր թատրոնում տհաճ միջադեպ է եղել: Երբ թատրոնի ներսում պարզ դառնա, թե ինչու է նվագախումբը հրաժարվել նվագել, մեղավորները խստագույնս պատժվելու են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանը՝ խոսելով նախօրեին թատրոնում տեղի ունեցած միջադեպի մասին:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի շրջանակներում ներկայացվելու էր Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետը: Սակայն ներկայացումը չի կայացել, քանի որ նվագախումբը դուրս չի եկել բեմ: Ներկայացման բոլորը տոմսերը վաճառված են եղել, դահլիճը լեփ-լեցուն է եղել:
Կ. Կիրակոսյանը տեղեկացրեց, որ այսօր մշակույթի նախարարի մասնակցությամբ թատրոնում տեղի է ունեցել ժողով, որին մասնակցել են թատրոնի կոլեկտիվները:
«Հիմա նվագախմբի անդամներ՝ 80-90 հոգի, բացատարագրեր են գրում, թե ինչու երեկ չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, խափանել են ներկայացումը: Երբ բոլորը գրեն բացատրագիր, նոր պարզ կդառնա, թե ինչն է եղել պատճառը»,-նշեց թատրոնի փոխտնօրենը:
Կ. Կիրակոսյանի խոսքով, այսօր ժողովի ընթացքում նախարարը խնդրել է ոտքի կանգնեն կազմակերպիչները, անկեղծ ասեն, թե ինչու են կազմակերպել, ինչ են պահանջում:
«Ներկաներից ոչ մեկը՝ ոչ նվագախմբի անդամները, ոչ վարչական մասից, ոտքի չեն կանգնել, չեն ասել՝ ինչու էին կազմակերպել»,- ասաց նա:
Նշենք, որ լրագրողները օպերային թատրոնում նվագախմբի անդամներից որևէ մեկին չկարողացան գտնել՝ նրանցից անձամբ պարզելու, թե ինչու են հրաժարվել բեմ դուրս գալ:
Կ. Կարապետյանը հայտնեց, որ օպերային թատրոնում վերջերս տեղի են ունեցել կրճատումներ. 583 աշխատակցից 10 հոգի կրճատվել է՝ վարչական աշխատակազմից:
«Ուռճացված աշխատակազմ էր, պետք էր աշխատանքի արդյունավետության բարձրացման նկատառումներից ելնելով կրճատումները կատարվեին: Գեղարվեստական մասի հետ ամենևին չի առնչվում»,- հավելեց նա:
Կրճատվածների թվում են երեք փոխտնօրեն:
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք այդ ազատվածները կապ ունեն նվագախմբի չնվագելու հետ, Կարինե Կիրակոսյանն ասաց. «Նույն հարցն եմ տալիս նվագախմբին՝ ինչ կապ ունի վարչական մասի կամ փոխտնօրենների ազատումը նվագախմբի, երգչախմբի մենակատարների հետ: Այդ խնդիրն էլ փորձում ենք պարզել»:
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում թատրոնի գեղարվեստական մասում սպասվում է ատեստացիա. «Ենթադրում եմ, որ կբերի որոշակի նոր կրճատումների»:
Թատրոնի փոխտնօրենը հայտնեց, որ երեկվա ներկայացման տոմսերի գումարը հետ է վերադարձվում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- «Գայանե» բալետի ներկայացումը տապալելուց հետո օպերային թատրոնում հրավիրվել է ժողով
- «Գայանե» բալետի այսօրվա ներկայացումը տապալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում