Զարուհի Բաթոյանը նիստերի դահլիճ է հասել գործընկերների օգնությամբ
«Ելք» դաշինքի ավագանու անդամ Զարուհի Բաթոյանն այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճ կարողացել է հասնել միայն գործընկերների օգնությամբ։
«Խմբակցության անդամները գրկեցին բարձրացրեցին, բայց սայլակն ինձ հետ միասին 100 կգ է, շատ ծանր է։ Որևէ մեկի աշխատանքն ու պարտականությունը չէ այս ծանրությունն ամիսը մեկ անգամ բարձրացնել»,- Երևանի նորընտիր ավագանու այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Բաթոյանի խոսքով՝ չորս տարի շարունակ հնարավոր չէ այս պայմաններում աշխատել. «Հույս ունեմ, որ քաղաքապետարանը մոտակա ժամկետներում գործողությունների ծրագիր կառաջարկի՝ թե ինչ է պատրաստվում անել և ինչպես, որպեսզի ինձ համար ևս աշխատանքային հավասար հնարավորություններ ապահովի։ Ինչպես քաղաքապետը, ինչպես ավագանու այլ անդամ, այնպես էլ ես իրավունք ունեմ ինքնուրույն և արժանապատիվ կերպով մասնակցելու նիստերին և պետք է այդ հնարավորությունն ապահովվի»։
Զարուհի Բաթոյանը նշեց, որ վերելակները, առաջին հարկի սանհանգույցը հարմար են, սակայն վերելակը բարձրանում է մինչև չորրորդ հարկ, դրանից հետո նիստերի դահլիճ ոտքով պետք է բարձրանալ. «Թեքահարթակները նեղ են, բայց՝ հաղթահարելի։ Հիմնական խնդիրը նիստերին մասնակցելն է»։
Հարակից հրապարակումներ`
- «Ելքը» խոստանում է Երևանում տարեկան 50 ավտոբուս հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց
- Տեղամասերում թեքահարթակները բացակայում են, կամ նորմատիվային առումով սխալ են. ՀԿ նախագահ
- Տարբեր դիտորդներ տարբեր են տեսնում թեքահարթակների բացակայությունը
- Թեքահարթակներ, բայց ու՞մ համար