Ապրիլյան քառօրյան պատերազմ չէր, այլ էսկալացիա. Ալեքսանդր Իսկանդարյան
«Ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոյի պահպանումը թանկ է նստում հակամարտող երկու կողմերի վրա էլ»,-այսօր կայացած «Կովկաս 2016» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը՝ միաժամանակ շեշտելով, որ իր երկիրը լիարժեքորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:
Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերն իր հերթին նշեց, որ ԼՂ խնդիրը ռազմական լուծում ունենալ չի կարող: Նա նաև ցավ հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման առնչությամբ՝ նկատելով, որ այդ գործընթացը ԵԱՀԿ-ին կզրկի տարածաշրջանային կայացվածությունից:
Անդրադառնալով հայ-շվեյցարական տնտեսական հարաբերություններին՝ Լուկաս Գասսերը նկատեց, որ թեև Հայաստանը ոչ այնքան արագ տեմպերով է գնում դեպի տնտեսական ոլորտի բարեփոխումներ, սակայն շվեյցարական ընկերությունները հույս ունեն, որ երկկողմ առևտրային կապերն ապագայում ավելի արագ կզարգանան:
Քննարկմանը ներկա Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ 2016-ը չափազանց հետաքրքիր և հագեցած տարի էր:
«Նախ՝ ապրիլյան պատերազմը: Այն արդեն իսկ մուտք է գործել պատմության մեջ՝ քառօրյա պատերազմ անվանումով: Բայց դա էսկալացիա էր: Իրականում դա պատերազմ չէր, առավել ևս՝ պարտված պատերազմ: Իսկ Ադրբեջանն այս ռազմական գործողություններին նախապատրաստվել էր երկու տասնամյակից ավելի»,- ասաց նա:
Որպես անցած տարվա մյուս կարևոր իրադարձություն Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ՊՊԾ գնդի գրավումը: Երրորդ և վերջին կարևոր իրադարձություն քաղաքագետը ներկայացրեց սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած ռազմական շքերթը, ուր ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը ցույց տվեց իր նոր զինատեսակները:
Միջոցառմանը ներկա Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովն իր հերթին նկատեց, որ 2016 թվականին Ադրբեջանում գլխավոր իրադարձությունները ապրիլյան պատերազմն ու մանաթի արժեզրկումն էին:
«Ադրբեջանը, սակայն, չկարողացավ ռազմական լուրջ հաջողությունների հասնել, գրավել Ստեփանակերտը, ինչպես խոստանում էր վերջին տարիներին: Ապրիլյան էսկալացիայից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարեց, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Սակայն այդ էսկալացիան ոչ մի կերպ չնպաստեց հակամարտության քաղաքական քննարկումների ծավալմանը»,- ասաց նա:
Մարկեդոնովը հիշեցրեց, որ 2016 թվականին առանձնակի ջերմացան թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ավելին՝ ապրիլյան պատերազմի օրերին Թուրքիան հստակ իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան