«Ղեկին Հրազդանի քաղաքապետի որդին չի եղել»
Հրազդանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը հերքում է լուրերը, որ Հրազդանում վթարի պատճառ դարձած մեքենայի ղեկին եղել է քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին:
«Ոչ, չկա այդպիսի բան: Լսեք, վերջին հաշվով դժբախտություն է պատահել, պետք չէ այդքան ծամծմել, արծածել»,-Panorama.am-ին ասաց նա:
Ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի Հրազդանում 58-ամյա տղամարդու մահվան պատճառ դարձած մեքենայի ղեկին եղել է ոչ թե 32-ամյա տղամարդը, այլ 17-ամյա երիտասարդ:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություն է ստացվել, որ Վ. Թորոսյանին վրաերթի ենթարկելու ժամանակ ղեկին եղել է ոչ թե ոստիկաններին ներկայացած 32-ամյա տղամարդը, այլ 17-ամյա երիտասարդ:Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ երիտասարդը նույն օրը, ժամը 21-ին, ներկայացել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն է Վ. Թորոսյանին վրաերթի ենթարկել և դեպքից հետո ինքնազգացողությունը վատանալու պատճառով դիմել է բուժօգնության:
Կատարվում է քննություն»,-հայտնում են ոստիկանությունից:
Տարբեր լրատվամիջոցների հաղորդմամբ, 17-ամյա երիտասարդը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին է: Քաղաքապետի ընդունարանից հայտնեցին, որ Դանիելյանն այսօր աշխատանքի չի գնացել:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ «Նիսսան Տիանա» մակնիշի, 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան պատկանում է Հրազդանի քաղաքապետարանին:
Հետաքրքիր է, որ նման դեպքերի հետ կապված սովորաբար ոստիկանությունից շտապում են անուն-ազգանուններ հայտնել, իսկ այս անգամ՝ ոչ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան