«Երկիր Ծիրանի»-ի անդամները քաղաքապետարան մուտք գործելուց առաջ ափսե կոտրեցին
Երևանի ավագանու առաջին նիստին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները չմասնակցեցին:
Ինչպես քաղաքապետարանի շենքի դիմաց հրավիրած ասուլիսում հայտարարեց Զարուհի Փոստանջյանը, օրակարգում հետաքրքիր հարց չկա:
«Հարցերը, որ ներկայացված են, հետաքրքրում են միայն հանցագործ խմբին: Երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր են: Հավանաբար, հանրային գումարների մասին է խոսքը: Երբ որոշում կլինի, մենք դրա վերաբերյալ մեր անելիքների մասին կտեղեկացնենք»,-հայտարարեց Փոստանջյանն ու ավելացրեց, որ կազմակերպչական ծախսերի համար քաղաքի բյուջեից մեկ դրամ ծախսելու իրավունք չունեն քաղաքային իշխանությունները:
Փոստանջյանը նշեց, որ Երևանի քաղաքային բյուջեն իրենց մշտադիտարկման ներքո է լինելու. «Մենք ամեն րոպե հետևելու ենք, ճի՞շտ են օգտագործվում միջոցները, թե՞ ոչ»:
Ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարը կլինի Փոստանջյանը, իսկ քարտուղարը՝ Մնացական Պարակշիևը:
Փոստանջյանի խոսքով, իրենք քաղաքային իշխանությունների հետ շփվելու են միայն դատարանների ու պաշտոնական գրագրությունների միջոցով:
Մինչ քաղաքապետարան մուտք գործելը նրանք կարմիր փուչիկներ պայթեցրին, որոնց վրա գրված էր ՀՀԿ, ափսեներ կոտրեցին, որոնց վրա պատկերված էին ՀՀ նախագահի ու քաղաքապետի լուսանկարները: