Հայաստանում զարկերակային բարձր ճնշման տարածվածությունը 25-30 տոկոս է. սրտաբան
«Ամբողջ աշխարհում սիրտանոթային մահացությունն առաջին տեղում է: Մահացությունների ընդհանուր կառուցվածքում 50 տոկոս դեպքերը պայմանավորված են սիրտանոթային բարդություններով»,-լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր ասաց Սրտաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար Պարունակ Զելվեյանը:
Նրա խոսքով, եթե ակնկալվում է նվազեցնել սիրտանոթային մահացությունների թիվը, նախ՝ պետք է պայքարել ռիսկի գործոնների դեմ: Դրանցից կարևորագույնը զարկերակային գերճնշումն է:
«Բժշկությունը վաղուց է փաստել, որ զարկերակային գերճնշման արդյունավետ հսկողության պարագայում պացիենտի սիրտանոթային պատահարների քանակը նվազում է, կյանքը՝ երկարում»,-ասաց բժիշկը։
Պարունակ Զելվեյանը վստահեցնում է, որ զարկերակային գերճնշումը պետք է բուժել տարիքային բոլոր խմբերի հիվանդների մոտ, միֆեր են, թե մեծահասակների մոտ այս խնդիրը պետք է անտեսել։
Ի դեպ, նա տեղեկացրեց, որ հունիսի 1-30-ը Հայաստանը, ի թիվս աշխարհի մի շարք երկրների, ներգրավել է Համաշխարհային զարկերակային գերճնշման լիգայի հայտարարծ սկրինինգային ծրագրին: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է մեկ ամսվա ընթացքում ամբողջ աշխարհում հետազոտել 25 միլիոն մարդու՝ հասկանալու հիվանդության էպիդեմիոլոգիական վիճակը:
Սրտաբանը ազգաբնակչությանը հորդորեց հենց այսօր չափել զարկերակային ճնշումը, ստացված տվյալներն անանուն կերպով գրանցել sirt.am կայքում և ստանալ մասնագետի րոպեական գնահատականը՝ սահմանային, թե խնդրահարույց վիճակում են զարկերակային ճնշման ցուցիչները:
«Աշխարհում հիպերտոնիկների միայն 12,5 տոկոսն է արդյունավետորեն բուժվում: Կան երկրներ, որտեղ այդ ցուցանիշը հասել է ընդհուպ 50 տոկոսի: Հայաստանում այդ թիվը բավական ցածր է՝ մոտ 10 տոկոս»,- ասաց Պարունակ Զելվեյանը:
Բժիշկը ազգաբնակչությանը հիշեցրեց, որ գոյություն ունի զարկերակային գերճնշման հետ կապված սեզոնայնություն: Այսինքն՝ ցանկացած ջերմաստիճանային, գեոմագնիսական դաշտի տատանում ազդում է զարկերակային ճնշման վրա:
«Ըստ այդմ, բարձր զարկերակային ճնշում ունեցողները պետք է հեռու մնան արևի ուղիղ ճառագայթներից, վարեն առողջ ապրելակերպ՝ ընդունելով բալանսավորված սնունդ և հետևել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը»,- նշեց Սրտաբանների հայկական ասոցիացիայի նախագահը՝ հիշեցնելով, որ ամռան շոգ եղանակին զարկերակային ճնշումն ավելի ցածր է լինում և հաճախ կարիք է զգացվում նվազեցնել դեղաչափերը:
Բանախոսը տեղեկացրեց, որ ամբողջ աշխարհում հիպերտոնիայի տարածվածությունը կազմում է 25-30 տոկոս: Գրեթե նույն պատկերն է նաև Հայաստանում: Պարունակ Զելվեյանը միաժամանակ ազգաբնակչությանը հորդորեց ամեն օր՝ առավոտյան և երեկոյան չափել զարկերակային ճնշումը և 140/90 բարձր ցուցիչ ստանալու դեպքում անհապաղ դիմել բժշկի: