ԵԱՏՄ երկրներում հայկական ապրանքը ճանաչում և սիրում են. Իգնատի Առաքելյան
Հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանումը շատ լավ է ընթանում, պահանջարկը մեծ է: Այս մասին այսօր Երևանի Կասյան փողոցում վերաբացված գյուղատնտեսական շուկայում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքերով՝ ԵԱՏՄ բոլոր երկրներում էլ հայկական ապրանքը ճանաչում և սիրում են. «Նրանք ուղղակի զարմանում են, թե ինչու է քիչ: Այսինքն` արտադրողն այդ շուկաների ցանցերի հետ աշխատելու խնդիրներ ունի: Այս հարցում էլ մի ծրագիր ունենք նախարարությունում, քննարկում ենք մասնավորի հետ, երբ պատրաստ կլինի, կներկայացնենք»:
Իգնատի Առաքելյանը նշեց, որ նոր շուկաների համար միշտ էլ քննարկումներ կան, սակայն այդ նոր շուկաները ապրանքների մեծ քանակություն են պահանջում:
«Այսօր մենք պատրաստ չենք այդ քանակով ապրանք արտադրել և արտահանել, իսկ նոր շուկաների համար փոքր ծավալով արտադրանքը հետաքրքիր չէ: Դրա համար չեմ կարծում, որ առաջիկայում նոր շուկաներ կբացենք մեզ համար: Միգուցե միայն Արաբական Միացյալ Էմիրություններում է հնարավոր, որտեղ ջերմոցային տնտեսության արտադրանք է արտահանվում: Հիմնական խնդիրները վերաբերում են որակին և տեխնոլոգիաներին»,- նշեց գյուղատնտեսության նախարարը:
Իգնատի Առաքելյանը նաև ասաց, որ Հայաստանում խոշոր տնտեսությունների բացակայության պատճառով դժվար է բանակցություններ վարել նոր շուկաների ձևավորման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին