Վիլլիամ Լահու․ Այո, ՆԱՏՕ-ն այսօր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գործիքն է
«ՆԱՏՕ-ի գործողություններին ԱՖղանստանում նաև գործընկերներն են մասնակցում, օրինակ Հայաստանն այնտեղ ունի մոտ երեք հարյուր զինվորական։ Գործընկեր երկրներն իրենք են որոշում, թե ինչքան խորացնեն հարաբերությունները դաշինքի հետ»,-այս մասին հայտարարեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Վիլլիամ Լահուն «ՆԱՏՕ-ն որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում» թեմայով սեմինարի ժամանակ։
Նրա խոսքով, դաշինքը քննարկման հարթակի հնարավորություն է տրամադրում գործընկերներին, որտեղ կարող են բարձրացնել իրենց հուզող հարցերը։ Օրինակ, Հայաստանը ՆԱՏՕ-ում անընդհատ բարձրաձայնում է ԼՂ խնդրի, Թուրքիայի հետ ունեցած խնդրի մասին, նույնը անում է նաև Ադրբեջանը։
«ՆԱՏՕ-ն այսօր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գործիքն է, ինչպես պնդում է Ռուսաստանը, բայց դա նաև Ֆրանսիայի, Գերմանիայի ու անդամ այլ երկրների գործիք է։ Սա թերևս դժվար են հասկանում Մոսկվայում»,-ասաց Վ․ Լահուն։
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշեց, որ Մոնտենոգրոյի նման փոքր երկրի ձայնն ու խոսքը համազոր է ԱՄՆ-ի խոսքին, բոլոր անդամ պետությունների ձայնը հաշվի է առնվում կոնսենսուսի հասնելիս։ ՆԱՏՕ-ն շատ արագ կարող է որոշում կայացնել եթե նման անհրաժեշտություն լինի, այլ դեպքերում որոշումների կայացման գործընթացը կարող է երկար տևել։
«ՆԱՏՕ-ում քվեարկություն չկա, յուրաքանչյուր ազգ ունի բացարձակ սուվերենություն, ինչը բարդացնում է որոշումների ընդունումը»,-ասաց նա։
Նա որպես օրինակ մատնանշեց Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զինված ուժերի տեղակայման հարցը, նշեց, որ դաշինքի անդամ երկրներից շատերն այնտեղ զինված ուժեր չունեն։
Նշեց, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը կասեցնում էր այլ երկրների որոշումները, քանի որ այլ ակնկալիքներ ուներ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, ի պատասխան անդամ երկրները տվյալ երկրին օգնեցին ԵՄ-ում իր նպատակներին հասնելու համար։
«Այսինքն՝ այստեղ նաև քաղաքական փոխադարձ շահեր են սպասարկվում»,-ասաց նա։
Նա պատահական չի համարում, որ ՆԱՏՕ-ի գործունեության ընթացքում Եվրոպան զերծ է եղել պատերազմներից, բացառությամբ Թուրքիայի ու Հունաստանի միջև, որը կարճ տևեց։
«Թուրքիան, իրոք, հաճախ ոտնձգություններ է թույլ տալիս հարևանների նկատմամբ, այս պարագայում ՆԱՏՕ-ն չի կարող ոչ մի բան անել, սակայն ՆԱՏՕ-ի անդամները կարող են ճնշում գործադրել Թուրքիայի վրա»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ․ Անդամ երկրների արտաքին քաղաքականությունը դաշինքին չի վերաբերում
- Մագնուս Էյջոլֆսոն․ ՆԱՏՕ-ի անհրաժեշտությունն այսօր էլ կա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին