Սուդան մեկնած հայ բժիշկները վերադարձել են
Բժիշկներ Արմինե Բարխուդարյանը, Հայկ Հովհաննիսյանը և Գևորգ Ոսկանյանը Սուդանից վերադարձան Երևան: Նրանք Սուդանի Նուբա լեռներում վերջին մեկ ամսվա ընթացքում փոխարինում էին 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային, մինչ նա Հայաստանում էր: Բժիշկ Քաթինան 750,000 բնակիչ ունեցող պատերազմական շրջանի միակ վիրաբույժն է:
Հիշեցնենք, որ բժիշկները՝ գնդապետ Գևորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանը և Արմինե Բարխուդարյանը, Սուդան էին մեկնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջարկով՝ հնարավոր դարձնելով բժիշկ Թոմ Քաթինայի այցը Հայաստան: Նախաձեռնությունն իր վրա է վերցրել բժիշկների այցի հետ կապված ողջ կազմակերպչական, ապահովագրական և ֆինանսական պարտավորությունները:
Մայոր Հայկ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում կատարել են վիրահատություններ, ընդունել ծնունդներ, նշանակել նաև դեղորայքային բուժում: Այս ընթացքում մոտ 200 հիվանդ է բուժվել: Նրա խոսքով, ամենահետաքրքիրը երեխաների ծնունդն էր:
Արմինե Բարխուդարյանն ասաց, որ չի հաշվել, թե այս ընթացքում քանի ծնունդ են ընդունել, բայց շատ էին:
«Շատ դժվար թողեցին Արմինեին: Հիմա շատ կարոտում են նրան»,- շարունակեց Գևորգ Ոսկանյանը:
Նա նշեց, որ անհնար է փոխարինել բժիշկ Թոմ Քաթինային, բայց իրենք կարողացել են այս ընթացքում ապացուցել, որ գնացել էին մարդկանց օգնելու:
«Այո, էլի կգնամ: Այդ կյանքը, միջավայրը տեսնելը՝ մեզ մաքրում է, նորոգում է: Հասկանում ենք, թե ինչ է նվիրումը: Երբեմն մենք թեթև բաներ ենք անում, մեզ թվում է, թե մենք նվիրվում ենք կամ բարեգործություն ենք անում: Պետք է գնալ այնտեղ ու տեսնել Թոմ Քաթինայի իսկական ապրած կյանքը և հասկանալ, թե ինչ է իսկական նվիրումը»,- նշեց գնդապետ Գևորգ Ոսկանյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորա-2017»-ի դափնեկիրը շնորհակալություն հայտնեց հայ բժիշկներին
- «Ավրորա-2017» մրցանակի դափնեկիրն է Թոմ Քաթինան
- Երեք հայ բժիշկներ մեկնել են Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային