Ամերիկահայ արշավորդուհին Վարդենիս քաղաքից ոտքով հասել է Ստեփանակերտ. «Արցախպրես»
Ամերիկահայ լեռնագնաց, արշավորդուհի Թելմա Ալթունը Վարդենիս քաղաքից շուրջ 280 կիլոմետր վազելով, հասել է Արցախ։ Նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում արշավորդուհին ասել է, որ շատ արշավների է մասնակցել, բայց սա իր առաջին այցն է հայրենիք:
«Վազքս սկսել եմ Վարդենիս քաղաքից, որտեղից արշավային երթուղով հասել եմ Ստեփանակերտ, իսկ վաղը առավոտյան կշարունակեմ վազքս դեպի Հադրութ քաղաք. արշավս մտադիր եմ ավարտել երեք օրում։ Արշավի ընթացքում մի քանի վայրում կանգ եմ առել՝ զրուցել տեղացիների հետ և ասեմ, որ բավականին տպավորված եմ իմ հայրենակիցների ջերմ և անմիջական վերաբերմունքից: Ուրախ եմ և հպարտ, որ այս հողում ապրում են հայրենասեր մարդիկ, հիացած եմ տեսարժան վայրերով և հրաշք բնությամբ: Խոստանում եմ, որ նորից կվերադառնամ իմ հայրենիք»,- ասել է Թելմա Ալթունը և նշել, որ իր նախաձեռնության հիմնական առաքելությունը դրամահավաքի կազմակերպումն է «Համահայկական Արշավային Երթուղի» նախագծի համար, որի գլխավոր նպատակն է Հայաստանում զարգացնել արկածային, արշավային տուրիզմի ենթակառուցվածքները, գծանշել, քարտեզագրել Հայաստանի բոլոր արշավային երթուղիները:
«Հայ լեռնագնացների ընկերակցություն» հասարակական կազմակերպության Լոս Անջելեսի մասնաճյուղի համահիմնադիր Ռոբերտ Ասսարյանը, ով հովանավորել է արշավորդուհու ծրագիրը և անձամբ մասնակցել վազքին, ասել է, որ իրենց կազմակերպությունը երեք ծրագիր ունի:
«Առաջին ծրագիրը Հայաստանի ամենահետաքրքրական և կարևոր արահետներում ցուցանակներ տեղադրելն է, որն արդեն ավարտել ենք: Մյուսը՝ Վրաստանից-Իրան ճանապարհներին ցուցանականեր տեղադրելը, որպեսզի լեռնային զբոսաշրջիկները, անցնելով այդ տարածքի գյուղերով, իրենց դրամական ներդրումը բերեն, և կարողանանք ավելի գեղեցկացնել այդ վայրերը: Հաջորդ ծրագիրն այն է, որ Վարդենիս-Հադրութ ճանապարհը բարելավենք լեռնագնացների համար, ցուցանակներ տեղադրենք, որպեսզի զբոսաշրջիկների համար ավելի հետաքրքրական լինի»,-ասել է Ռ. Ասսարյանը:
Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանից արշավորդուհու վազքին միացել են նաև արցախցի մարզիկներ, ովքեր նրան ուղեկցել են մինչև մայրաքաղաքի Վերածննդի հրապարակ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում