Մենք խաղալու ենք հաղթանակի համար. Արթուր Պետրոսյան
Այսօր Երևանի ժամանակով 22:45-ին կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը: Երեկ առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը մեկնել էին Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցա:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից տեղեկանում ենք, որ նախօրեին Պոդգորիցա քաղաքի «Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
«Տղաների տրամադրությունը բարձր է և մենք եկել ենք այստեղ հաղթելու համար։ Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ Չեռնոգորիան շատ ուժեղ թիմ է։ Վաղը դժվար հանդիպում է սպասվում»,- ասել է Արտակ Գրիգորյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանելով հարցին, թե ի՞նչ եք ակնկալում վաղվա խաղից, ասել է. «Առաջին արտագնա հանդիպումն է։ Արտակի հետ միանգամայն համաձայն եմ, շատ ուժեղ մրցակից է։ Շատ դժվար խաղ է սպասում։ Իհարկե ուսումնասիրել ենք մրցակցին։ Երեք անընդմեջ պարտությունից հետո թիմը վերականգնվելու խնդիր ունի և կրկնում եմ, որ շատ դժվար խաղ է լինելու։ Կփորձենք ամեն ինչ անել հաղթանակի համար։
Մեր համար ցանկացած խաղում հաղթանակն է կարևոր։ Մենք խաղալու ենք հաղթանակի համար։ Թե ոնց կստացվի, կտեսնենք խացից հետո»։
Նա նշել է, որ թիմը պատրաստ է խաղին։
Հարցին, թե առանց Հենրիխ Մխիթարյանի թիմը չի վաստակել ոչ մի միավոր, իսկ նրա վերադարձից հետո, հաղթել է երկու խաղում, արդյո՞ք թիմի խաղը կախված է Հենրիխ Մխիթարյանից, Ա. Պետրոսյանը պատասխանել է. «Չեմ կարծում որ խաղը կախված է միայն Հենրիխ Մխիթարյանից։ Կարծում եմ, այդ պարտությունները հոգեբանական բնույթ ունեին։ Հենրիխը մեր համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, բայց եթե չլինեն մյուս տասը, ինչպես ասում են «մեկը դաշտում զինվոր չէ»։ Հենրիխը պետք է թիմին, իսկ թիմը` Հենրիխին»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի հավաքականը մեկնեց Չեռնոգորիա
- Հայաստանի ազգային հավաքականը Չեռնոգորիա կմեկնի վաղը առավոտյան
- Էդգար Մալաքյանը, ամենայն հավանականությամբ, թիմի հետ կմեկնի Չեռնոգորիա
- Արթուր Պետրոսյան. «Թիմը պատրաստ կլինի Չեռնոգորիայի դեմ խաղին»