Պակիստանը ևս զորախումբ կուղարկի Քաթար
Պակիստանը Թուրքիայի օրինակով զորախումբ է ուղարկելու Քաթար: tengrinews.kz-ն, հղում անելով yenicag.ru-ին, գրում է, որ 20 հազար զինծառայող ուղարկելու որոշումն ընդունվել է Պակիստանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության համաձայնագրերի շրջանակում:
Ավելի վաղ Քաթարի պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Իսլամաբադ: Այցի նպատակը Պարսից ծոցում իրավիճակի սրման քննարկումն է:
Մինչև Պակիստան այցը քաթարյան դիվանագետները գնացել են Լահոր և հանդիպել Փենջաբ նահանգի գլխավոր նախարարին, նրան փոխանցել Քաթարի էմիրի ուղերձն այն մասին, որ Պակիստանը պետք է կարևոր դեր խաղա Պարսից ծոցում դիվանագիտական ճգնաժամը հաղթահարելու գործում:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Էրդողանը հավանություն էր տվել օրինագծին, որը թույլ է տալիս թուրք զինծառայողներ տեղակայել Քաթարում գտնվող ռազմաբազայում և համագործակցել այդ երկրի ժանդարմերիային ուսուցանելու համար: Ենթադրվում է, որ երկրները համատեղ զորավարժություն կանցկացնեն:
Հունիսի 5-ից Պարսից ծոցի մի շարք երկրներ, այդ թվում Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Պատճառը, ինչպես պնդում են այդ գործընթացի նախաձեռնողները, Դոհան ֆինանսավորում է համաշխարհային ահաբեկչությունը, նաև Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնելու փորձ է անում:
Պակիստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ երկիրը Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մտադրություն դեռևս չունի, բայց եթե ինչ-որ փոփոխություններ լինեն, գերատեսչությունն անհապաղ կհրապարակի պաշտոնական հայտարարություն:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Քաթար զինված ուժեր ուղարկելուն
- Թուրքիայի խորհրդարանում արտահերթ կարգով կքննարկվի Քաթար զորախումբ ուղարկելու հարցը
- Արաբագետ. Քաթարի քաղաքացիներից ահաբեկչական սպառնալիք Հայաստանի համար չկա
- Սաուդյան Արաբիայում փակվել է քաթարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը
- Եգիպտոսը 48 ժամ է տվել Քաթարի դեսպանին երկիրը լքելու համար
- Իրանի նախագահի աշխատակազմը արձագանքել է Քաթարի շուրջ ընթացող զարգացումներին
- Արաբական չորս պետություն խզել է դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ