ԱԺ-ում կներդրվի էլեկտրոնային կառավարման համակարգ, աշխատակազմը կօպտիմալացվի
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար կազմի հետ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ խորհրդակցության օրակարգում են եղել Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքի և հաստիքացուցակի օպտիմալացման հարցերը: Ազգային ժողովի նախագահը աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին հանձնարարել է ապահովել անձնակազմի աշխատանքի արդյունավետությունը և խիստ հսկողություն սահմանել աշխատանքային կարգապահության նկատմամբ:
Արա Սաղաթելյանը ներկայացրել է աշխատակազմին ամրացված գույքի գույքագրման աշխատանքների ընթացքը՝ մանրամասնելով, որ գույքագրման առաջին փուլի ավարտից հետո իրականացվելու են գույքագրման և գույքի կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ, ինչն էապես կավելացնի աշխատանքների արդյունավետությունը: Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն Ազգային ժողովի նախագահին ներկայացրել է նաև աշխատանքային կարգապահությունը վերահսկելու նպատակով նախատեսվող փոփոխությունների փաթեթը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Արա Բաբլոյանը հանձնարարել է աշխատանքների արդյունավետության բարձրացման գործընթացը դարձնել մշտական, իսկ աշխատակազմի օպտիմալացումը` շարունակական:
Ազգային ժողովի նախագահն աշխատակազմի ղեկավար կազմին տվել է հստակ հանձնարարականներ` ստեղծելու և ներդնելու էլեկտրոնային կառավարման համակարգ, որը պետք է էապես հեշտացնի պատգամավորների գործունեությունը` բացառելով ավելորդ թղթաշրջանառությունը:
Մասնավորապես հանձնարարվել է ներդնել այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա պատգամավորների աշխատասենյակներում և դահլիճում նույն պատգամավորի համակարգիչները միացնելով իրար` ունենալ աշխատանքային մեկ ընդհանուր հարթակ: Ստեղծվող էլեկտրոնային կառավարման համակարգը միաժամանակ հնարավորություն կտա ապահովել աշխատակազմի փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային եղանակով` այդպիսով ունենալով էական խնայողություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա