Հայկը մեծ հաղթանակի շեմին է
Հայկը երկու ամսից կդառնա յոթ տարեկան: Նա իմ ճանաչած մարդկանցից ամենաշատ վիրահատվածն է: 17 վիրահատություն է տարել, երկուսն էլ առջևում են, մեկն այս տարվա հոկտեմբերին է, մյուսը՝ հաջորդ տարվա սեպտեմբերին: Իսկ մինչ այդ վերականգնողական ակտիվ բուժում է անցնում:
Պայծառ Ներսեսյանը Հայկի մայրիկն է, իմ ճանաչած մամաներից՝ ամենաուժեղը: Հայկի ծնվելու պահից նրանք երկուսով պայքարում են նախ նրա կյանքը փրկելու, ապա քայլելու համար:
Մայրը միշտ ասում է՝ Հայկը քայլելով պիտի դպրոց գնա: Նրանք իրենց երազանքի իրականացման շեմին են:
Պայծառը Հայկի առողջական վիճակի բարելավման, հասած հաջողությունների համար շնորհակալ է բոլորին՝ հայաստանցի ու արտասահմանցի բժիշկներին, իսկ ավելի շատ՝ բարի մարդկանց: Նրանք ամենուր եղել են օգնության կարիք ունեցող մոր և որդու կողքին՝ Հայաստանում, Մոսկվայում, Գերմանիայում:
Հայկը ծնվել է 5.5 ամսականում, 600 գրամ քաշով՝ անհաս, զարգացած չէր կոնքազդրը, երկկողմանի հոդախախտ ուներ, նաև մանկական ուղեղային կաթված: Քայլելու մասին երազելն արդեն համարձակություն էր: Խնդիրները չեն ընկճում մորը: Ամեն փոքր հաղթանակի ու իրեն մարդկանց ձեռք մեկնելու հետ Պայծառն ավելի է ուժեղանում, իսկ Հայկը՝ ամրանում:
Գերմանիայում ամիսներներ առաջ բարդ վիրահատությունից հետո Հայկը վերադարձավ հաղթանակած: Եվ տեղացի, և արտասահմանցի մասնագետները գոհ ու ոգևորված են արդյունքներով:
Օգոստոսին Հայկը կդառնա 7 տարեկան: Ծննդյան օրը կտրելու են մազերի երկար հյուսը: Ուխտ էին արել բարեհաջող վիրահատությունից հետո միայն կտրել այն: Ծննդյան տոնին Հայկը մի նվեր է ուզում՝ քայլակ: Արդյունավետ բուժումները տարիներ շարունակ Հայկին ծառայած սայլակն անպիտան են դարձնում, և լավ է:
Հայկն այսօր կարողանում է մատիտ բռնել, պատկերները գունավորել, մի քանի տարի առաջ դա երազանք էր: Պատկերված մեքենան գունավորում է կապույտով՝ երկնքի գույնն է: Կարմիր մատիտը հրաժարվում է վերցնել ձեռքը:
«Կարմիրն արյունի գույնն ա»,-ասում է երեխան, ու մենք՝ չորսով զարմացած իրար ենք նայում:
Գրելուն զուգահեռ Հայկը հիմա սովորում է ինքնուրույն ուտել, շորերը հանել-հագնել:
Պայծառն ամուսին չունի: Ապրում է մոր, եղբոր ու նրա ընտանիքի հետ միասին: Խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին խորհուրդ է տալիս, երբե´ք, երբե´ք չհուսահատվել:
«Կոտոշները սրած թող առաջ գնան»,-պատկերավոր ներկայացնում է նա:
Հայկին առաջիկա մեկ տարում պետք է վերականգնողական բուժում Հայաստանում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, վիրահատություն Գերմանիայում: Հայաստանյան կենտրոններում մասնագետները շատ բանիմաց են, ասում է Պայծառը, բայց սարքավորումների պակաս կա:
Գերմանիայում վիրահատությունն արժե 3600 եվրո, անհրաժեշտ քայլակն էլ թանկ է՝ 1500 եվրո:
Հերթական, բայց ամենակարևոր հաղթանակի նախօրեին Պայծառն ու Հայկը կրկին իրենց հավատացող մարդկանց աջակցության կարիքն ունեն:
«Ես խնդրում եմ, մեզ հավատան ու վստահեն, հետո կարող են վստահ ասել, որ իրենց լուման ունեն Հայկի քայլելու հարցում»,-ասում է Պայծառը:
Հայկին օգնելու համար Պայծառ Ներսեսյանի անունով VTB բանկում հաշվեհամար է բացվել:
Դրամական փոխանցումներ կարելի է կատարել հետևյալ հաշվեհամարներին.
հայկական դրամով՝ 16046032978404 հաշվեհամարին,
դոլարով՝ 16046032978405,
եվրոյով՝ 16046032978406,
ռուբլիով՝ 16046032978407 հաշվեհամարներին:
ArCa քարտի համարն է՝ 6769307100031522:
Լուսանկարները՝ Պայծառ Ներսեսյանի անձնական արխիվից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին