ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է. Ջեյմս Ապատուրայ
«ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները մտահոգված են սպառազինությունների ծավալների աճով, դրան զուգընթաց քաղաքական լարումներն ու թշնամական գործողությունների դրսևորումներն են ավելանում»,- Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը ղարաբաղյան հակամատության միջնորդությամբ զբաղվող երկրներից է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, միաժամանակ ՌԴ-ն շարունակում է զինել հակամարտության կողմերին, ավելի նկատելի է այդ հսկայածավալ միլիարդավոր դոլարների զենքի վաճառքը Ադրբեջանին, ինչպե՞ս դուք կմեկնաբանեք այս իրավիճակը, երբ զենքն անընդհատ ավելանում է:
Նա հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից երկուսն ընդգրկված են համանախագահների կազմում, և Մինսկի խմբի համանախագահների գործողություններից, հայտարարություններից ակնհայտ է, որ նրանք նվիրված են հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը:
«ՆԱՏՕ-ի ընդհանուր քաղաքականությունն է՝ ցանկալի է համարում լարման, թշնամական գործողությունների դրսևորումների նվազեցումը, խաղաղ լուծումը»,- ասաց Ջեյմս Ապատուրայը:
Հարցին, թե ապրիլյան պատերազմից հետո շատ են կարծիքներ հնչում, որ ավելի պայթյունավտանգ է դարձել իրավիճակը, հնարավոր են նոր բախումներ, ի՞նչ են մտածում ՆԱՏՕ-ում այս մասին, նա նշեց. «Մենք այս տարածաշրջանում սերտորեն հետևում ենք անվտանգության իրավիճակին, պարբերաբար տեղեկություններ ենք ստանում: Անկեղծ ասեմ, որ ներկայիս մեր մտահոգության մակարդակը շատ ավելի բարձր է, քանի որ վերջերս զինված բախումների մակարդակն ավելի բարձր է եղել, ավելի ռազմատենչ հայտարարություններ են հնչել, կան տուժածներ, իրավիճակը խիստ մտահոգիչ է: ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներքաշված չէ, չեմ էլ կարող ես այդ ուղղութամբ մեկնաբանություն տալ: Մեր հստակ դիրքորոշումն է ամեն կերպ սատարել ԵԱՀԿ-ի ջանքերին: Մենք, անշուշտ, վստահաբար կստարենք՝ լինի երկու երկրների ձեռնարկած քայլերը դեպի հանգուցալուծում, թե Մինսկի խմբի»:
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե դուք նշում եք, որ ՆԱՏՕ բոլոր դաշնակիցների է մտահոգում տարածաշրջանային անվտանգության իրավիճակը, բայց դաշնակիցներից Թուրքիան պարբերաբար, ակնհայտ աջակցում է Ադրբեջանին, ինչպե՞ս եք գնահատում, Ջեյմս Ապատուրայը նախ ասաց, որ ՆԱՏՕ-ն կազմակերպություն է, որը գործում է համակարծության սկզբունքներով, միասնական են հանդես գալիս, ապա հավելեց. «Պարզ է, որ տարածաշրջանի տարբեր դերակատարների հետ մեր դաշնակիցները տարբեր հարաբերություններ ունեն, բայց կարևորն այն է, որ, չնայած այդ տարամետ դիրքորոշումներին, բոլոր դաշնակիցներն ընդունում են ու սատարում են հետևողական, բարեկամական, վստահելի հարաբերությունները Հայաստանի հետ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան