Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունները շանտաժի պես մի բան են. քաղաքագետ
Նախիջևանում այս օրերին ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունները ուղերձ են ոչ թե Հայաստանին, այլ ավելի շուտ՝ խոշոր խաղացողներին։ Տարածաշրջանն անհանգիստ է, և Թուրքիան, Կատարի, Իրանի շուրջ արտահայտած լինելով սեեփական դիրքորոշումը, այժմ էլ կարծես ցանկանում է վերահաստատել իր ուժը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը՝ հավելելով, որ այս համատեքստում չպետք է մոռանալ հոգեմոնիայի համար Թուրքիայի և Իրանի մշտնջենական պայքարը։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Նախիջևանում ընթացող զորավարժությունները մտահոգիչ են աշխարհագրորեն մոտ լինելու առումով։ Բայց չեմ կարծում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը իր այս ուղերձով թիրախավորում է Հայաստանին»,- նկատեց նա։
Անուշ Սեդրակյանի խոսքով, հեռու չէ այն պահը, երբ Թուրքիան կընկալի իրական վտանգը՝անկախ Քուրդիստանի մոտալուտ կազմավորումը, սակայն այդ ժամանակ մտածելու բան կունենա նաև Հայաստանը։ Մասնավորապես, նա պետք է հասկանա՝ ինչպես կարող է հարաբերվել նոր կազմավորված հարևանի հետ։
«Անկախ Քուրդիսատանի համար մենք չենք ունենա այն զսպաշապիկը, որ գործի ենք դնում Թուրքիայի հանդեպ՝ Հայոց ցեղասպանության կազմակերպումը դատապարտելու առումով»,- ընդգծեց քաղաքագետը։
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Նախիջաևանում մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները շանտաժի պես մի բան են։ Մասնավորապես, Ադրբեջանը զորավարժություններով Ռուսաստանին ցուցադրում է իր քմահաճույքները, ուժն ու անկախությունը։ Թուրքիան իր հերթին փորձում է ապացուցել Արևմուտքին, որ ազատ է և ցանկություն ունի տարածաշրջանում տեր ու տիրական լինել։
«Մյուս կողմից, զորավարժություններն Ադրբեջանին անհրաժեշտ են ներքին սպառման համար, իր ժողովրդին համապատասխան ուղերձներ հղելու առ այն, որ իրենք մենակ չեն, և Թուրքիան միշտ իրենց հետ է»,- ամփոփեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ հունիսի 12-ից երկու երկրները համատեղ մարտավարական զորավարժություններ են սկսել Նախիջևանում։ Զորավարժությունների նպատակը կողմերի զինված ուժերի միջև փորձի փոխանակման միջոցով համակարգման զարգացումն է:
Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 16-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան