Ֆինլանդիայում հայ մարզիկ-զինծառայողները հաղթող են ճանաչվել «Ռազմամարզական կողմնորոշում» մարզաձևում
ՀՀ զինված ուժերի երեք զինծառայողներ Ֆինլանդիայի Համինա քաղաքում մասնակցում են հունիսի 11-ից 16-ը անցկացվող Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնությանը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայ զինծառայողներն ընդգրկված են միջազգային առաջնության երկու մարզաձևերում` միջին տարածության մրցաշարին (7-8 կմ) և փոխանցումավազքին:
Ֆինլանդիա մեկնած մարզիկ-զինծառայողները հաղթող են ճանաչվել 2017թ. Համաբանակային 16-րդ սպարտակիադայի ընթացքում` «Ռազմամարզական կողմնորոշում» մարզաձևում:
Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնության կազմակերպիչը Ռազմական սպորտի միջազգային խորհուրդն է (CISM): Հայաստանի Հանրապետությունը մարզական այս կառույցին անդամակցում է 1994 թվականից:
Աղբյուրը հայտնում է նաև, որ ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները Մինսկում հունիսի 12-ից 14-ը կմասնակցեն Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված կազմզորահավաքային և ռազմական բժշկության հարցերով աշխատանքային հանդիպումներին: