Հրեա հայագետ. Հայկական ամենահին արձանագրությունները գտնվում են Իսրայելում
Մայքլ Սթոունը հրեա հայագետ է, ով հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է Երուսաղեմի Հրեական համալսարանի հայագիտության բաժինը: Նա 40 գրքերի և 400-ից ավելի հոդվածների հեղինակ է, որոնցից մեծ մասը հայկական թեմաներով են: ScholArm-ին տված հարցազրույցում նա պատմում է հայագիտության ոլորտում իր գործունեության, այդ թվում յուրահատուկ հնագիտական բացահայտումների մասին:
«Ես սկսեցի սովորել հայերեն իմ դոկտորական թեզը գրելու ընթացքում: Այդ ժամանակ իմ մեջ ծնվեց սերը հայ ժողովրդի և նրա ստեղծագործական ոգու հանդեպ: Ես նաև սովորեցի գնահատել հայկական երաժշտությունն ու արվեստը իմ կնոջ միջոցով, ով հայ մշակույթի մասնագետ էր», – պատմում է դոկտոր Սթոունը:
«Հայերեն լեզվով գրված աստվածաշնչյան պատմությունների մեծ քանակ կա, որոնք ընդգրկված չեն Աստվածաշնչի մեջ, բայց փոխանցվել են մեզ բանավոր պատմությունների միջոցով: Ես բազմաթիվ այդպիսի նյութեր եմ հրապարակել: Վերջերս Երևանում տպագրել եմ այդպիսի տեքստերի մի ժողովածու (հրատարակվել է Մատենադարանի կողմից)», - ասում է նա: Սթոունը թարգմանել է նաև հայկական միջնադարյան պոեզիա, այդ թվում Առաքել Սյունեցու «Ադամ-գիրք»-ը, որի մասին հիացմունքով է խոսում:
Հրեա պատմաբանը հետաքրքրվում է նաև հայ արձանագրագիտությամբ: Նա պեղումների արդյունքում բացահայտել է մի շարք հին հայկական արձանագրություններ Սինայի անապատում:
«1970-1980-ականներին Սինայի լեռան վրա և դրա շրջակայքում մենք գտանք շատ հին հայկական արձանագրություններ: Դրանք արվել էին 430-440 թվականներին` այսինքն այն ժամանակ, երբ ամենայն հավանականությամբ Մեսրոպ Մաշտոցը դեռ կենդանի էր», – ասում է նա:
Իր գրքերից մեկի մեջ տեղ են գտել ամենահին հայկական արձանագրությունները: Դրանք հայերեն լեզվով գրված անձնանուններ են, որոնք գտնվել են Սինայի լեռան վրա և Նազարեթում արված պեղումների արդյունքում, և թվագրվում են 447 թ.-ից առաջ: Սթոունի խոսքերով՝ այդպիսի հնության նյութեր չկան անգամ ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտում:
Սթոունը մասնակցել է նաև Հայաստանում` Եղեգիս գյուղի շրջակայքում արված պեղումներին: Այնտեղ նրանք գտել են հրեական գերեզմանոց՝ 13-րդ դարի եբրաերեն և արամեերեն արձանագրություններով: Դա վկայում է այն մասին, որ 13-րդ դարում Հայաստանում բնակվել է հրեական համայնք: Սթոունի հավաստմամբ այդ հրեաները եկել էին Հայաստան Իրանից: Այժմ բանասեր Արամ Թոփչյանի հետ միասին նրանք գիրք են պատրաստում Հայաստանում հրեաների պատմության մասին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային՝ Սթոունն ասում է, որ այն պետք է ճանաչվի (այդ թվում և Իսրայելի կողմից) և փոխհատուցվի, քանի որ դա կարևոր հարց է ողջ մարդկության համար: Երուսաղեմի Հրեական համալսարանում նրանք պաշտոնապես նշում են Հայոց ցեղասպանության հիշատակման օրը, հավելում է նա:
Այժմ Մայքլ Սթոունը թոշակի է անցել, բայց շարունակում է Հրեական համալսարանում դասավանդել գրաբար: Հայերեն ներկայումս դասավանդում է նրա նախկին ուսանողը: Նրանք նաև հաճախ հրավիրում են հայերենի մասնագետներ արտերկրից (օրինակ Թեո Վան Լինտը Օքսֆորդի համալսարանից)` կարճաժամկետ դասախոսություններ կարդալու: Համալսարանի հայագիտական բաժինը ներկայումս ունի մոտ 30 ուսանող: Դոկտոր Սթոունը ամեն տարի այցելում է Հայաստան` Մատենադարանում իր աշխատանքները շարունեկելու համար: