Վրաստանի բարձրագույն ինստիտուտներում դասավանդում ենք Սայաթ-Նովայի ստեղծագործությունները. Նինո Ափցիաուրի
Հունիսի 16-ին Թբիլիսիում կմեկնարկի և հունիսի 18-ին Երևանում կավարտվի «Սայաթ-Նովա» փառատոնը, որը կազմակերպում է Music of Armenia-ն։ Երկրորդ անգամ անցկացվող այս փառատոնին մասնակցում են հարևան երկու երկրների երաժիշտներ։ Լրագրողների հետ հանդիպմանը «Սայաթ-Նովա» փառատոնի կազմակերպիչ Հասմիկ Մովսիսյանն ասաց, որ հունիսի 16-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում ելույթ կունենան հայ և վրացի երաժիշտներ, հունիսի 17-ին Երևանի «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում հանդես կգա «Ջնար» անսամբլը, հունիսի 18-ին «Մեգերյան կարպետ»-ում փառատոնը կեզրափակի «Սայաթ-Նովա» անսամբլը։
«Սայաթ-Նովա» փառատոնը ամենամյա փառատոն է, որի նպատակն է պահպանել և խթանել Սայաթ-Նովայի երաժշտության ժառանգությունը և աշուղական մշակույթն առհասարակ:
Ասուլիսին ներկա ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական, հայագետ Նինո Ափցիաուրին ասաց, որ միասին տոնում են մեծ աշուղ Սայաթ-Նովայի փառատոնը։
«Սայաթ-Նովան պատկանում է ոչ միայն հայ ժողովրդին, նաև՝ վրաց ժողովրդին, որովհետև նա մեծ երաժիշտ ու մեծ բանաստեղծ է, տարածաշրջանային իմաստություն ունեցող բանաստեղծ է, ինքն աշուղական պոեզիայի հիմնադիրն է, և մենք Վրաստանում բարձրագույն ինստիտուտներում դասավանդում ենք Սայաթ-Նովայի ստեղծագործությունները»,- նշեց նա։