Վարչապետ. Երևանում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ
«Քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը գնահատում եմ լավ»,- այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով նախկինում ևս զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը:
Նա նաև նշեց, որ մայրաքաղաքում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ:
Հարցին, թե արդյոք բացթողում չի համարում այն, որ տարիներ շարունակ հասարակական տրանսպորտի հարցն այդպես էլ չի լուծվում, վարչապետը պատասխանեց. «Ճիշտն ասած դա բացթողում չեմ համարում, բայց այդ խնդրի լուծումը համարում եմ ակտուալ»:
Դիտարկմանը, թե կարո՞ղ է մատնանշել որևէ բացթողում, վարչապետն ասաց՝ այս պահին չի կարող: Հարցին՝ թե չի՞ հիշում, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Կարող եք այդպես մեկնաբանել»:
Անդրադառնալով Տարոն Մարգարյանի ունեցվածքին վերաբերող հարցին, որի մասին բարձրաձայնել են ընդդիմադիր քաղաքական ուժերը, վարչապետն ասաց, որ եթե նրանք փաստեր ունեն, ապա թող դիմեն համապատասխան իրավապահ մարմիններին:
Հարցին, թե հնարավո՞ր է երիտասարդ տարիքում այդքան հարստություն կուտակել, Կարեն Կարապետյանը նշեց. «Ես բազմաթիվ երիտասարդ մարդկանց գիտեմ, որոնք շատ հարուստ են, բայց դրա հետ կապ չունեն»:
Լրագրողի հարցին՝ երբ վարչապետը Երևանի քաղաքապետ էր, արդյոք հնարավոր էր այդ աշխատավարձով հարստանալ, Կարեն Կարապետյանն ասաց, որ այդ աշխատավարձով՝ ոչ, իսկ այլ տարբերակներով՝ այո: