Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի այսօրվա որոշմամբ՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը,- այս մասին տեղեկանում ենք Հանրային ռադիոյի կայքից։
Մարկ Գրիգորյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, մինչեւ լրագրողական աշխատանքի անցնելը դասավանդել է Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում, Երեւանի պետական համալսարանում, «Անանիա Շիրակացի» համալսարանում։
Լրագրողական գործունեությունն սկսել է 1993 թվականին ԱԻՄ կուսակցության ռուսալեզու «Свобода» թերթում նախ որպես փոխխմբագիր, ապա գլխավոր խմբագիր։ 1995 թվականի ապրիլից աշխատանքի է անցել ամերիկյան AIM_ Armenian International Magazine ամսագրում որպես երևանյան թղթակից:
Ավելի ուշ ղեկավարել է Հայաստանի մամուլի ուսումնասիրության խնդիրներով զբաղվող «Թիմ» հասարակական կազմակերպությունը։ 1998 թվականից գլխավորել է «Համագործակցություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը։
Մարկ Գրիգոորյանը նաև Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ներկայիս «Կովկաս» ինստիտուտի համահիմնադիրներից է, 2001- ին եղել է ինստիտուտի փոխտնօրենը։
2002 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանում նրա դեմ կազմակերպված մահափորձից եւ դրան հետեւած իրադարձություններից հետո բնակություն է հաստատել Լոնդոնում։ Միացյալ Թագավորությունում աշխատել է նախ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտում (IWPR), իսկ 2003- ի սեպտեմբերից BBC հեռուստառադիոկորպորացիայում։
2014- ին վերադարձել է Հայաստան, աշխատել PanArmenian Media Group-ում, «Արմենիա» հեռուստաալիքում վարել «Հատման կետ» ծրագիրը, ATV-ում հեղինակել, վարել և հեռարձակել է «Անծանոթ Երևան» հաղորդաշարը, ինչպես նաև «Տետատետ» հարցազրուցային ծրագիրը:
2016 թվականից Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենի խորհրդականն էր:
Ի դեպ՝ Հանրային ռադիոյի նորանշանակ գործադիր տնօրենը անվանի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռն է, Հայաստանում կիրառական և մաթեմատիկական լեզվաբանության հիմնադիրներից բանասիրական գիտությունների դոկտոր Վլադիմիր Գրիգորյանի որդին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան