ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակցիները սրտանց կողջունեն ՀՀ-ԵՄ համագործակցության նոր համաձայնագրի ստորագրումը. Ջ. Ապատուրայ
«Մենք լիովին հարգում ենք Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, մեզ համար բնավ մտահոգիչ չէ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին»,- Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Նա ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի տեսանկյունից Հայաստանը եղել է և շարունակում է մնալ վստահելի գործընկեր:
«Տարբեր ուղղություններով մեր համագործակցությունը շարունակվում է: Անկեղծ ասած, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում շեշտակի առաջընթաց, զարգացումներ չեմ տեսնում: Չեմ կարծում, որ Հայաստանն էլ նման մտադրություններ ունի: Կշարունակենք մեր հաստատուն համագործակցությունը և գործնական աշխատանքը բոլոր այն ուղղություններով, որտեղ դա ողջամիտ կհամարվի»,- հավելեց Ջեյմս Ապատուրայը:
Հարցին, թե Հայաստանը նոյեմբերին, ամենայն հավականությամբ, կստորագրի ԵՄ-ի հետ համագործակցության նոր համաձայնագիր, դա որևէ կերպ կազդի՞ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վրա, նա նշեց. «Վստահաբար բոլոր դաշնակիցները սրտանց կողջունեն նման զարգացում, որովհետև բոլորն էլ կցանկանային, որպեսզի Հայաստանը վայելեր Արևմուտքի հետ կապերը սերտացնելու նույնքան հավասար հնարավորություններ, ինչքան մյուս ուղղությամբ: Բոլորիդ հայտնի է, որ ԵՄ հարաբերություններում նախկինում որոշակի բարդություններ էին առաջացել: Սա կլինի դրական դրսևորում Հայաստանի ներգրավման ՆԱՏՕ-ի շատ գործընկերների հետ, այդ թվում նաև Արևմտյան աշխարհի»:
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Հայաստանում է երկօրյա այցով: Նա նշեց, որ իր այցելությունը երկու շեշտադրում ունի. «Առաջին՝ քաղաքական խորհրդափոխանակություն անցկացնել. տարածաշրջանային մի շարք զարգացումներ, խնդիրներ կան, որոնք մեր դաշնակիցների համար հետաքրքրական են, դաշնակիցներն իսկապես ողջունում են այստեղ Հայաստանի տեսակետներն ու կարծիքը: Դրա համար էլ մենք շատ բավականություն ստացանք այն փաստից, որ նախագահը հնարավոր գտավ վերջերս հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:
Մյուս նպատակը բոլոր ուղղություններով մեր գործնական համագործակցության շտկումներն ու հղկումներն են»:
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ն պատրաստակամ է պաշտպանելու իր բոլոր դաշնակիցներին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
- ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է. Ջեյմս Ապատուրայ
- ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում առաջընթացը նշանակալի է. Ջեյմս Ապատուրայ