Գնալով շատ ավելի խորն ենք ընկալելու Անդրանիկ Մարգարյանի հորդորների ու խորհուրդների արդիկանությունը. Շարմազանով
«Անդրանիկ Մարգարյանը բացառիկ պետական ու ազգային նկարագիր ունեցող ազգային, պետական գործիչ էր։ Մարդ, ով ամբողջության մեջ գիտակցում էր հայոց պետականության կարևորությունը, բացառիկությունը, պետական գործչի պատասխանատվությունը, ծառայությունը սեփական ազգին ու պետականությանը»,- այսօր նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Կոմիտասի անվան այգու պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը
«Որպես պարոն Մարգարյանի աշակերտ սերտել եմ նրա խորհուրդները, հորդորներն ու խրատները։ Նա մեզ սովորեցրել է, որ երբեք պետական պաշտոնյան չպետք է կտրվի մայր հողից, իր ժողովրդից։ Նա ասում էր, որ պաշտոնյան նախ և առաջ պետք է ունենա պատասխանատվություն, նոր հետո իրավունքներ»,- ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Անդրանիկ Մարգարյանը գործի մարդ էր, ազգային գաղափարախոս էր, ով պատանի տարիքից իր կյանքը նվիրաբերել էր անկախության գաղափարին, այն երջանիկներից էր, որ դեռևս դպրոցական տարիքից պայքարելով անկախ Հայաստանի ստեղծման համար՝ հնարավորություն և պատիվ է ունեցել ծառայել իր ազգին, պետությանը ՀՀ վարչապետի բարձր պաշտոնում։
«Ես համոզված եմ, որ գնալով շատ ավելի խորն ենք ընկալելու Անդրանիկ Մարգարյանի հորդորների ու խորհուրդների արդիկանությունը։ Ծնունդդ շնորհավոր ուսուցիչ, Աստված քեզ թող այնտեղ բարի աչքով նայի, դու էլ այնտեղ բարեխոս լինես մեր ազգի համար»,- հավելեց ԱԺ փոխնախագահը։