Ընթանում է խաչատրյանական մրցույթի եզրափակիչ փուլը
Հունիսի 12-ին և 13-ին՝ ժամը 19.00, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը, որի ընթացքում ելույթ կունենան եզրափակիչ անցած ութ երգիչները՝ Լիլիանա Նատալի Բյուիքիանս (ԱՄՆ/Սոպրանո), Ազամատ Ժելտիրգուզով (Ղազախստան/Բարիտոն), Տիգրան Օհանյան (Հայաստան/Տենոր), Էկա Հորստկա (Կատերինա Հորստկա) (Ուկրաինա/Հայաստան/Սոպրանո), Մարիաննա Մարտիրոսյան (Արցախ/Սոպրանո), Ջուլիետտա Ալեքսանյան (Հայաստան/Սոպրանո), Մերի Մովսիսյան (Հայաստան/Սոպրանո), Գագիկ Վարդանյան (Հայաստան/Բարիտոն)։ Իսկ մինչ այդ նրանք իրենց փորձերն են անում մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից տեղեկացնում են, որ եզրափակիչ փուլ անցածների թվում է նաև Արցախը ներկայացնող Մարիաննա Մարտիրոսյանը (սոպրանո)։ Երգչուհին այս տարի ԱՊՀ երկրների միջազգային Դելֆյան խաղերի ոսկյա մեդալակիր է, միջազգային այլ մրցույթների մրցանակակիր։ Մարիաննային դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում բարձր կատարողական արվեստի համար շնորհվել է ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակ։
Մարիաննա Մարտիրոսյանը նշել է, որ միջազգային մրցույթներին մասնակցությունը արտիստին հաղորդում է փորձառություն։ Խոսելով եզրափակչում ելույթ ունեցող մյուս մասնակիցների մասին՝ Մարիաննան ասել է, որ մրցակցությունը դժվարին է լինելու, քանի որ նրանք բոլորը մեծ վարպետություն ունեցող արտիստներ են։ Այնպես որ՝ առջևում լուրջ պայքար է սպասվում։ Երգչուհին ընդգծել է, որ հպարտությամբ է ներկայացնում Արցախի Հանրապետությունը. հայկական երկրորդ հանրապետությունում կան լավ կատարողներ, որոնք մասնակցում են միջազգային մրցույթների և ճանաչում են վայելում աշխարհում։
Խաչատրյանական մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։
Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС), գործընկերն է «Խաչատրյան» հիմնադրամը, աջակիցը՝ «Արդշինբանկը»։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատրյանական մրցույթին կմասնակցի 13 երկրի 43 մասնակից
- Կոմպոզիտորը տպավորված է խաչատրյանական մրցույթում իր ստեղծագործության մեկնաբանություններով
- Խաչատրյանական մրցույթը այս՝ դիրիժորական անվանակարգում բուռն է լինելու
- Ալ. Հարությունյանին նվիրված համերգ՝ խաչատրյանական փառատոնի շրջանակում
- Աշխարհում հայտնի հայ երաժիշտների ելույթը՝ խաչատրյանական փառատոնի շրջանակներում
- Անցկացվում է խաչատրյանական մրցույթի 3-րդ փուլը