Անցկացվելու է Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոն
Հունիսի 25-30-ը Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը կազմակերպում է Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը»:
Հիմնադրամից հայտնում են, որ անդրանիկ փառատոնի շրջանակներում կլինեն պրեմիերաներ, իսկ արդեն հաջորդ տարի փառատոնը կհյուրընկալի աշխարհահռչակ շեփորահար Արթուրո Սանդովալին, ով կկատարի Ալեքսանդր Հարությունյանի «Շեփորի կոնցերտը»:
Ա. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը կկրի շարունակական բնույթ՝ յուրաքանչյուր տարի Հայաստան բերելով բազմաթիվ հայտնի անուններ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը Կարեն Դուրգարյանն է:
Փառատոնին այս տարի մասնակցելու են երաժիշտներ Հայաստանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Սլովենիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Բելգիայից, Սերբիայից, Ճապոնիայից, Պուերտո Ռիկոյից:
Այս տարի փառատոնն իրականացվում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ համատեղ: Փառատոնին աջակցում են նաև ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: