Այսուհետ «Zangi»-ին հասանելի է նաև «Ռոստելեկոմ»-ի հեռուստատեսության էկրանին
Այսօր «Ռոստելեկոմ» Հայաստանի և «Zangi»-ի ներկայացուցիչներն ազդարարել են համագործակցության մասին։ Հայկական ապրանքնիշ «Zangi»-ն այսուհետ ներկայացված է լինելու նաև հայաստանյան «Ռոստելեկոմի» միջոցով՝ Սմարթ հեռուստատեսության էկրանից «Zangi» մեսենջերի միջոցով անվճար զանգի, տեսազանգի կամ հաղորդագրության հնարավորություն ընձեռելով ընկերության բաժանորդներին։ «Ռոստելեկոմ»-ի հասարակայնության հետ կապերից հայտնում են, որ երկու հայաստանյան ընկերություններ մեկնարկում են իրենց համագործակցությունը՝ ի շահ հայաստանյան սպառողի։
«Համագործակցությունը եզակի է Հայաստանում, քանի որ մենք առաջինն ու միակն ենք, ով նման ձևաչափով՝ իր հեռուստատեսության ծրագրով, շփման և հաղորդակցման համար հնարավորություն է ձևավորել իր բաժանորդների համար։ Սա նոր գործառույթ է և, ինչպես տեխնոլոգիական ցանկացած նորույթ, հեշտացում է մարդկանց կյանքը՝ պարզեցնելով ու հասանելի դարձնելով հաղորդակցման հնարավորությունները։ Ընդ որում մենք շատ ենք կարևորում «Zangi» մեսենջերի տեխնոլոգիական առավելությունները, որոնք մշտապես հետաքրքիր են դարձնում հավելվածը ոչ միայն հայաստանյան, այլ նաև արտերկրի օգտագործողների շրջանում։ Մեր համատեղ ծառայությունն արդեն իսկ անցել է թեստավորման փուլը և այժմ «Ռոստելեկոմի» հեռուստատեսության բոլոր բաժանորդները կարող են օգտվել նաև այս գործառույթից»․- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Zangi» մեսենջերն ունի կարևոր մրցակցային առավելություններ, որոնք մշտապես կատարելագործվում են՝ այն աշխատում է ամենուր (աշխատում է նույնիսկ 2G/EDGE ինտերնետում կամ ծանրաբեռնված Wi-Fi ցանցերում), խնայում է տրաֆիկ (1MB ինտերնետով հնարավոր է մինչև 7 րոպե խոսել), անվտանգ է (բոլոր տվյալները կոդավորվում են, իսկ նամակներն ու կոնտակտները Zangi-ն սերվերներում չի պահպանում), ապահովում է զանգերի և տեսազանգերի բարձր`HD որակ:
«Վստահ կարող եմ նշել, որ «Zangi»-ն Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս լավագույն տեխնոլոգիական նորույթներից է և մրցակցում է արդեն իսկ կայացած ապրանքանիշների հետ։ Հատկանշական է, որ արդեն իսկ 1,5 մլն պաշտոնապես գրանցված օգտատերեր ունենք և օրական բեռնումների թիվը հասնում է հազարների։ «Ռոստելեկոմի» հետ համագործակցությունը մեզ թույլ կտա մուտք գործելու նոր շուկա և հանդես գալու նոր ձևաչափով՝ նաև հեռուստատեսության հավելվածի տեսքով»,- նշել է «Zangi»-ի հիմնադիր, գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը։
«Մենք շատ ենք կարևորում այս համագործակցությունը, քանի որ երկու հայաստանյան ընկերություններ միավորել են իրենց ներուժը՝ առաջ մղելու և զարգացնելու հայաստանյան տեխնոլոգիաները»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Ռոստելեկոմի» հեռուստատեսային ծրագրի վերջին թարմացումը ծրագրում նաև այլ նորույթներ ու ծրագրեր է գործարկել, որոնցից հատկանշական են Առցանց հեռուստատեսության դիտման հնարավորությունը (Online TV) և հեռուստաէկրանից հայաստանյան, ռուսաստանյան և եվրոպական քաղաքների Եղանակի տեսությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին