Անտարկտիդայում հայտնաբերվել է 118 տարի առաջ ստեղծված նկար
Անտարկտիդայում՝ խրճիթում, հայտնաբերվել է փոքրիկ թռչունի պատկերով ջրանկար, որի հեղինակն է բրիտանացի բժիշկ, կենդանաբան, նկարիչ Էդվարդ Ուիլսոնը: Հետազոտողը մահացել է 1912 թվականին՝ ճանապարհորդությունից վերադառնալու ճանապարհին: Նրան ուղեկցել են արշավախմբի ղեկավարը՝ Հարավային բևեռի առաջին բացահայտողներից մեկը՝ Ռոբերտ Սքոթը և երեք այլ անդամներ:
Նյուզու.քոմ-ը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ նկարը թվագրված է 1899 թվականով, պատկերված է պառկած՝ թաթերը դեպի վեր, սատկած մոխրագույն թռչուն: Ներկա պահին մասնագետները վերականգնում են 1500 արտեֆակտ՝ հայտաբերված բևեռախույզների ժամանակավոր կացարանից:
Սկզբնապես հասկանալի չի եղել, թե ով է նկարի հեղինակը՝ 1899 թվականի նորվեգացի Կ. Բորխգրևինկի արշավախմբի անդամներից որևէ մեկը, ովքեր այդ տարածքում երկու խրճիթ էին կառուցել, թե Սքոթի խմբի անդամներից, ովքեր 1911 թվականին օգտագործել էին այդ խրճիթները: Բայց հետագայում պարզվել է, որ հեղինակը գիտնական, բժիշկ, տաղանադավոր նկարիչ Էդվարդ Ուիլսոնն է: Նա 1911-1912 թթ. մասնակցել է Ռոբերտ Սքոթի արշավախմբի աշխատանքներին Հարավային բևեռում:
Հետազոտողների կարծիքով, Ուիլսոնը նկարել է այդ աշխատանքը, երբ բուժվել է տուբերկուլոզից Եվրոպայում, և վերցրել է իր հետ Անտարկտիդա: Ջրանկարը գտնվում է լավ վիճակում, քանի որ այնտեղ այն պահված է եղել հաստ թղթի մեջ, չի դիպչել արևի լույս, և երկար տարիներ պահպանվել է ցածր ջերմաստիճանի պայմաններում: