Արցախյան պատերազմի վերսկսումը Թուրքիայի շահերից չի բխում. Կիրո Մանոյան
«Քիչ հավանական է, որ տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը բխի Թուրքիայի շահերից»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Չեմ կարծում, որ Թուրքիան կցանկանա, որ այսպիսի վիճակ ստեղծվի»,- ասաց նա:
Մանոյանի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պետք է շարունակեն իրենց ճիգերը՝ մեծամասշտաբ պատերազմ թույլ չտալու համար:
«Սա է նրանց գլխավոր նպատակը: Սակայն դեռ չի երևում, որ Ադրբեջանը փոխել է իր տեսակետը: Նա դժգոհ է առաջարկված փաթեթից և փորձում է ստեղծել մի իրավիճակ, որ կամ հարցի լուծման ատյանը փոխվի, կամ այդ ատյանի կողմից առաջարկված սկզբունքներից առնվազն մեկը՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքը, մեջտեղից հանվի: Այլապես բանակցությունները կարող էին շատ հեշտորեն վերականգնվել: Սակայն, Ադրբեջանը նման ցանկություն չունի և աշխատում է ամեն ինչ անել, որպեսզի բանակցությունները չվերականգնվեն, հարցի կարգավորման խորքային քննարկումներ տեղի չունենան»- ասաց բանախոսը:
Անդրադառնալով Նախիջևանում այս օրերին ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ ՀՅԴ գործիչը փաստեց՝ դրանք ուղերձ են՝ Հայաստանին, ինչ-որ չափով նաև Իրանին՝ ցույց տալու, որ Ադրբեջանը Հայաստանին կարող է Նախիջևանի կողմից թիրախ դարձնել:
«Հայաստանը Նախիջևանի հարցում պետք է ունենա առավել հիմնավոր կեցվածք և պետք է բարձրաձայնի հայկական հողերն Ադրբեջանին բռնակցելու շուրջ իր մտահոգությունները: Մենք պետք է բարձրաձայնենք նաև Նախիջևանի միջազգային կարգավիճակի հարցը»,- ասաց նա:
Բանախոսն անդրադարձավ նաև ՀՀ օրհներգի հնարավոր փոփոխության մասին խոսակցություններին՝ նշելով, որ պետական հիմնը ունի որոշակի խորհուրդ, և այն փոխելը կնշանակի հեռանալ այդ խորհրդից:
«Պետական օրհներգը, զինանշանն ու դրոշը ոչ թե գեղեցկություն են, այլ խորհուրդ ունեցող ատրիբուտներ: Եթե նման առաջարկ հնչեցնողները քաղաքական գործիչներ են, նշանակում է՝ ցանկանում են հարամ անել ՀՀ առաջին հանրապետության 100-ամյակը»,- ամփոփեց դաշնակցական գործիչը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին