Մաշտոցի պողոտայի գետնանցումում ջրի մեջ արգելափակված ավտոբուսից փրկարարները տարահանել են 16 քաղաքացու
ԱԻՆ-ը նախօրեին ժամը 21:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Մաշտոց պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի դիմացի գետնանցումը հորդառատ անձրևից ջրալցվել է, ավտոմեքենաներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ ջրի մեջ արգելափակվել են թիվ 47 երթուղուն պատկանող «Hyundai» մակնիշի ավտոբուսը՝ ներսում արգալափակված 16 քաղաքացի, «BMW», «ՎԱԶ 2101», «BMW» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարներն ավտոբուսից տարահանել են 16 քաղաքացու և տեղափոխել անվտանգ տարածք: «BMW» մակնիշի ավտոմեքենաները դուրս են բերվել քարշակ ավտոմեքենայի օգնությամբ, իսկ «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան՝ փրկարարների օգնությամբ:
Նախօրեին ժամը 21:33-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող «Վերսալ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Տ. Ի.-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանում տեղացել էր ուժեղ անձրև և կարկուտ, ինչից հետո երևանյան շատ փողոցներ դարձել էին դժվարանցանելի՝ կուտակված ջրի պատճառով:
Անձրևից հետո ԱԻՆ-ը ստացել է ոչ միայն մեքենաների արգելափակումների մասին ահազանգեր:
Մասնավորապես, հունիսի 12-ին, ժամը 23:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարներ փողոցի թիվ 25/41 շենքի մոտակայքում անձրևատար խողովակը պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պոկվել է թիվ 25 շենքի անձրևատար խողովակը: Փրկարարներն ապամոնտաժել են անձրևատար խողովակը (մոտ 12 գմ):
Ժամը 21:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կասյան փողոցի թիվ 2 հասցեում՝ նկուղային հարկում գտնվող էլեկտրոնիկայի խանութն անձրևաջրերից ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել օժանդակ մեքենա (ջրահեռացման պոմպով): Փրկարարները հեռացրել են լցված ջուրը՝ մոտ 1 տ:
Ժամը 21:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան և Լենինգրադյան փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ գետնանցումում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ավտոճանապարհի երթևեկելի հատվածում՝ ասֆալտի վրա առաջացել է փոս՝ մոտ 0,5 քմ, ինչի հետևանքով ջրալցվել է գետնանցումը: Փրկարարները սահմանազատել են տարածքը: