Տաջիկ նախարար. Կցանկանայինք, որ մեզ հետ կիսվեիք ձեր հաջող փորձով
«Հայաստանը գյուղմթերքի վերամշակման, դրա արտահանման, թանկարժեք քարերի մշակման և մի շարք այլ ոլորտներում առաջատար դիրքերում է»,-այս մասին հայտնել է Տաջիկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդան տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման ժամանակ:
«Օրինակ՝ մենք ռուսական շուկայում հաճախ ենք տեսնում հայկական գյուղատնտեսական արտադրանք: Կցանկայինք, որ մեզ հետ կիսվեիք ձեր հաջող փորձով»,-ասել է տաջիկ նախարարը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախարարները քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության ներուժը՝ մասնավորապես փորձի փոխանակումը զբոսաշրջության, լեռնահանքային, թեթև արդյունաբերության, ոսկեգործության ու ադամանդագործության ոլորտներում և համատեղ արտադրական կոոպերացիաների հիմնման հեռանկարները:
Նախարարներ Կարայանը և Նեմատուլո Խիկմատուլլոզոդան անդրադարձել են հունիսի 14-ին կայանալիք հայ-տաջիկական գործարար համաժողովի կազմակերպչական հարցերին և B2B հանդիպումներին:
Սուրեն Կարայանի առաջարկով կստեղծվի նաև համատեղ աշխատանքային խումբ, որը հետամուտ կլինի ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և օպերատիվ լուծումներ կտա առաջացած խնդիրներին:
Այսօր տեղի կունենա նաև տնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը: