Քրդական գործոնով պայմանավորված Իրանն ու Թուրքիան մի կողմ կթողնեն տարաձայնությունները
Քաթարի շուրջ տեղի ունեցած զարգացումներին զուգահեռ Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության կառավարությունը հայտարարել է, որ սեպտեմբերին նախատեսում է անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու նպատակով Panorama.am-ը զրուցել է Իրանի հարցերով փորձագետ Արմեն Իսրայելյանի հետ:
«Դոնալդ Թրամփի վարչակարգի կողմից Միացյալ Նահանգների՝ մերձավորարևելյան քաղաքականության մեջ իրականացված փոփոխություններով պայմանավորված տարածաշրջանում ձևավորվող «հակաիրանական-հակաշիայական» դաշինքում Թուրքիային ևս որոշակի դերակատարություն էր վերապահվում»,-մեզ հետ զրույցում ասաց Արմեն Իսրայելյանը։
Իրանի հարցերով փորձագետը նկատել է, որ Իրանի նկատմամբ Թուրքիայի հռետորաբանության կտրուկ կոշտացումը զգավեց հակաիրանական մոտեցումներով հայտնի ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նորանշանակ ղեկավար Մարկ Պոմպեոյի՝ Անկարա կատարած այցից անմիջապես հետո: Թուրքիայի նախագահը մի քանի անգամ բացահայտ Իրանին մեղադրեց տարածաշրջանում անկայունություն առաջացնելու մեջ։
Իսրայելյանը հավելեց. «Սակայն Քաթարի շուրջ տեղի ունեցած զարգացումներն ու Իրաքյան Քուրդիստանում նախատեսվող հանրաքվեն ազդեցին Իրանի և Թուրքիայի մոտեցումների վրա: Հունիսի 7-ի երեկոյան՝ Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից անմիջապես հետո Իրանի արտգործնախարարը մեկնեց Անկարա»:
Անդրադառնալով Իրաքյան Քուրդիստանում նախատեսվող հանրաքվեին՝ իրանագետը նշեց. «Ուշագրավ է, որ Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվե անցկացնելու մասին որոշումից մի քանի օր առաջ Անկարայի և Թեհրանի հարաբերություններում լարվածության նոր դրսևորում նկատվեց, որը կապված էր քրդական «Փժակ» խմբավորման և Իրանի սահմանապահ ծառայության միջև զինված միջադեպի տեսքով: Անկարան Իրանին մեղադրեց «PKK»-ի անդամներին իր տարածքում ապաստան տրամադրելու մեջ, իսկ Իրանն էլ իր հերթին սահմանում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ բացատրություն պահանջեց Թուրքիայից։ Պաշտոնական Թեհրանն Իրաքում նախատեսվող հանրաքվեի անցկացումը չի ողջունում՝ մի կողմից պաշտպանելով Իրաքի տարածքային ամբողջականությունը, իսկ մյուս կողմից համարելով, որ քրդերի անկախացման գործընթացը կարող վտանգել տարածաշրջանի անկայունությունը: Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ևս կտրուկ դեմ արտահայտվեցին Իրաքի մասնատմանը»։
Փորձագետի խոսքով՝ քրդական գործոնն Իրանի և Թուրքիայի հարաբերություններում առանձնահատուկ տեղ ունի: Այն Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի և Իրանի արտաքին քաղաքականության օրակարգի առանձնահատուկ կարևորություն ունեցող հարցերից մեկն է, որն ուղղակի առնչվում է այդ երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը:
«Երբեմն Անկարան ու Թեհրանը միմյանց մեղադրում են քրդական գործոնը շահարկելու և երկրների ներքին գործերին միջամտելու մեջ, սակայն համընդհանուր վտանգի դեպքում համագործակցում են: Չնայած երկու երկրների միջև առկա տարաձայնություններին՝ ինչպես Քաթարի, այնպես էլ Սիրիայի շուրջ մեծ հաշվով Թեհրանի ու Անկարայի մոտեցումները համընկնում են, հետևաբար քրդական գործոնն էլ իր հերթին կարող է նպաստել այս հարցում Իրանի ու Թուրքիայի համագործակցությանը»,-հավելեց Իրանի հարցերով փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան