Էստոնիան շահագրգռված է տեսնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի արագ ավարտը. Ս. Միկսեր
«Այս տարվա երկրորդ կեսին Էստոնիան ստանձնելու է Եվրամիության խորհրդի նախագահությունը: Էստոնիան ունի հավակնոտ նախագահության օրակարգ, մտադիր ենք շատ բաների հասնել շատ կարևոր ուղղություններում»,- Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը:
Նա նշեց, որ նոյեմբերին Բրյուսելում կայանալու է Արևելյան գործընկերության գագաթաժողովը, հույս հայտնեց, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կստորագրվի:
«Մեզ պետք են շոշափելի, տեսանելի արդյունքներ՝ համապատասխան Արևելյան գործընկերության երկրների սպասելիքներին»,- հավելեց նա:
Հարցին, թե կարելի՞ է ակնկալել, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը տեղի կունենա Էստոնիայի նախագահության օրոք, Ս. Միկսերն ասաց. «Ինձ թվում է, որ մարդկանց ազատ տեղաշարժը շատ կարևոր ասպեկտ է երկրներն ու ազգերն իրար մոտեցնելու գործում: Շատ կցանկանայի տեսնել Եվրամիության և Հայաստանի միջև մարդկանց տեղաշարժի դյուրացման գործընթացը: Լավ կլիներ ավելի շուտ, քան ուշ: Էստոնիան շահագրգռված է տեսնել այս գործընթացի արագ ավարտը, բայց ի վիճակի չեմ ժամկետներ նշել ավարտի մասին: Հուսամ, որ մենք թափ կհավաքենք»:
Ինչ վերաբերում է Հայաստան-Էստոնիա հարաբերություններին, Ս. Միկսերն ասաց, որ
երկկողմանի ուղղությամբ հարաբերությունները սերտ են, բարեկամական, հայտնաբերել են, որ տնտեսական, առևտրային հարաբերություններում կա չօգտագործված ներուժ: Միաժամանակ հավելեց, որ կան որոշ ասպարեզներ, որտեղ նշանակալի նվաճումներ կան:
Նշենք, որ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերն Հայաստան է այցելել այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Այսօր արդեն կայացել է Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները: Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին