Միջազգային հանրությունը գալիս է ըմբռնմանը, որ խաղաղությանը դեմ երկրի նկատմամբ պետք է քայլեր կատարվեն. Նալբանդյան
«Անգամ եռանախագահներն արդեն բազմիցս ստիպված են նաև հասեցական հայտարություններ անել, ինչը եղավ մի քանի օր առաջ, երբ ասացին, որ հենց Ադրբեջանն է խախտել զինադադարը, հայկական կողմերը պատասխանել են դրան»,- Երևանում Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե կարծո՞ւմ եք, որ ժամանակն է միջազգային հանրությունը, համանախագահող երկրները պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ օրինակ հրադադարի ռեժիմի խախտման համար, արդյո՞ք Հայաստանը քայլեր անում է այդ ուղղությամբ:
Նախարարը նշեց, որ եռանախագահող երկրները բազմիցս են հայտարարել, անգամ բարձր մակարդակով՝ նախագահների, որ այն կողմը, որը կգնա ուժի կիրառման և զինադադարի խախտման, խստորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից:
Է. Նալբանդյանի խոսքով, երբ որ նման հայտարարություն են անում եռանախագահող երկրների նախագահները, իսկ այդ երկրները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներ են, ի՞նչ է նշանակում. «Դա լոկ հայտարարությո՞ւն է: Կարծում եմ՝ ոչ միայն: Չնայած դրան, Ադրբեջանը ձևացնում է, որ իրեն չի վերաբերում այդ կոչը, Ադրբեջանը ձևացնում, որ ինքը կարող է արհամարհել այդ հայտարարությունները: Ադրբեջանն ամեն ձևի խոչընդոտում է ստեղծել զինադադարի խախտման այդ հետաքննությունների մեխանիզմը, չնայած բոլորին էլ առանց մեխանիզմի էլ հայտնի է, ով է խախտում: Ուղղակի եռանախագահող երկրները միջնորդ երկրներ են, փորձում են հնարավորինս հավասարակշիռ լինել, ոչ թե մատնանշելով մեկ կամ մյուս կողմին, որպեսզի բանակցությունները հնարավոր լինի շարունակել»:
ՀՀ ԱԳ նախարարը կրկնեց, որ եռանախագահող երկրների կողմից բազմիցս են եղել հասեցական հայտարարություններ. խոստորեն քննադատեցին Ադրբեջանին, որ վերջապես պետք է կանգնեցնել փորձերը տեղափոխել հիմնախնդրի կարգավորման գործընթացն այլ ձևաչափեր, վերջ տալ քննադատությունը եռանախագահող երկրների վերաբերյալ, կոչ արվեց համաձայնվել, ինչպես համաձայնվել են Հայաստանը, Ղարաբաղը, զինադադարի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ:
«Քանի հայտարարություն էլ պետք է լինի, որ պարզ դառնա, որ հայտարարությունները միայն բավարար չեն, այլև այդ «խստիվ կդատապարտվեն» հասկացությամբ ենթադրվող մնացած բոլոր քայլերը ձեռնարկվեն միջազգային հանրության կողմից, որպեսզի սանձվեն այն փորձերը, որոնք Ադրբեջանը բազմիցս անում է ապակայունացնելու իրավիճակն այս տարածաշրջանում դրանից հղի հետևանքներով ոչ միայն տարածաշրջանի համար, այլ նաև շատ ավելի լայն իմաստով: Կարծում եմ, որ հենց այդ ըմբռնմանն է միջազգային հանրությունը գալիս, որ վերջապես այն երկիրը, որը դեմ է խաղաղությանը, մշտապես սպառնում է ուժ կիրառել, ռազմական զինուժի օգտագործմամբ լուծել այս հիմնախնդիրը, իհարկե, այդ երկրի նկատմամբ պետք է համապատասխան քայլեր էլ կատարվեն»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան