Այս դատարանում օրինական պահանջ ներկայացնելը հղի է անցանկալի հետևանքներով. Փաստաբան Պապիկյան
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը: Նախքան դատական նիստերի դահլիճ մտնելը՝ կարգադրիչները պահանջեցին Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանին ներկայացել փաստաթղթեր և զննել պայուսակը:
«Մետաղորսիչով ստուգում ենք, ձայն է գալիս պայուսակից, բնականաբար պետք է բացեք, որ տեսնենք, թե ինչ կա մեջը»,- ասաց կարգադրիչը:
Փաստաբանը նշեց, որ իր ակնոցներն են, ինչին կարգադրիչն արձագանքեց. «Ես ձեզ չեմ հավատում»:
«Եթե բացեմ, խուզարկություն է ստացվում: Ես թողնում եմ իմ պայուսակն այստեղ ու գնամ»,- ասաց Տ. Հայրապետյանը:
Այնուհետև կարգադրիչները դատարանից դուրս հրավիրեցին Տիգրան Հայրապետյանին:
Կարգադրիչները պահանջեցին նաև փաստաբան Արայիկ Պապիկյանին բացել պայուսակը, քանի որ նրա պայուսակին դիպչելիս մետաորսիչը նույնպես ձայն հանեց:
«Պայուսակումս բանալիներս և գրիչներս են, մնացածը թղթեր են»,- ասաց Ա. Պապիկյանը:
Կարգադրիչները պահանջեցին հանել՝ համոզվելու համար: Փաստաբանն ասաց, որ չի հանի:
«Սպասեք դրսում»,- ասաց կարգադրիչը:
Փաստաբաններն, այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց մտան դատարանի դահլիճ:
Դատական նիստը սկսվեց մեկ ժամ ուշացումով: Գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ ուշացման պատճառն այն է, որ փաստաբաններ Տիգրան Հայրապետյանն ու Արայիկ Պապիկյանը հրաժարվել էին թույլ տալ զննել իրենց պայուսակնները:
Նիստի մեկնարկին Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց ՝ նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանի ինքնաբացարկի մասին: Նա նշեց, որ կասկած կա, որ դատավորը չի կարող լինել անկողմնակալ և անաչառ:
«Այս քրեական գործը կազմված է 36 հատորից, կից այլ նյութերից, տեսանյութերից, իրեղեն ապացույցներից: Քրեական գործի նյութերը դատավոր Գրիգորյանն ուսումնասիրել է յոթ օրվա ընթացքում: Այդ ընթացքում իր վարույթում ընդունել և որոշում է կայացրել ևս 4 քրեական գործով, այսինքն ուսումնասիրել է այլ նյութեր, անցկացրել է նշանակված 21 դատական նիստ: Այսինքն՝ դատավորն այս քրեական գործի դատական քննություն նշանակելու որոշումը կայացել է առանց լիարժեք ուսումնասիրման գործի նյութերը»,- ասաց փաստաբան Պապիկյանը:
Միջնորդությանը միացավ նաև Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
«Ուզում եմ շեշտադրել այն հանգամանքը, որ օբյեկտիվ տեսանյունից դուք ոչ պատշաճ դատավոր եք»,- ասաց նա:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, մեկ ժամից հետ վերադառնալով՝ մերժեց Ա. Պապիկյանի՝ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը:
Դատական նիստը կրկին ընդմիջվեց: Դատավորը գործով մեղադրյալ Գևորգ Սաֆարյանը փորձեց հայտարարություն անել, սակայն դատավորը թույլ չտվեց: Գ. Սաֆարյանը երեք ժամով հեռացրեց նիստերի դահլիճից:
Փաստաբան Ա. Պապիկյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Գևորգ Սաֆարյանը նիստերի դահլիճից հեռացվեց, որովհետև օրինական պահանջ ուներ, իսկ սույն դատարանում օրինական պահանջ ներկայացնելը հղի է անցանկալի հետևանքներով:
Նիստը հետաձգվել է մեկ ժամով:
Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության համար Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության համար Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հովհաննես Պետրոսյանին, Գալուստ Գրիգորյանին և Ներսես Պողոսյանին մեղադրանքներ են ռաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Հարակից հրապարակումներ`
- Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործերով դատական առաջին նիստը տևեց մի քանի րոպե
- Ժիրայր Սեֆիլյանի և նրա հանցակիցների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
- ՔԿՎ-ն Սեֆիլյանի խցում խուզարկությունների մասին. Բացառապես օրենքի շրջանակում է
- Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը 22 օր է հացադուլի մեջ է
- Վերաքննիչ դատարանը մերժել է Ներսես Պողոսյանի բողոքը
- Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» գործը կքննվի մեկ վարույթում
- Ժիրայր Սեֆիլյանին և ևս 8 անձի մեղադրանք է առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին