Սեպտեմբերին Այվազովսկու 200-ամյակի առիթով սպասվում է մեծ իրադարձություն. Ազգային պատկերասրահի տնօրեն
Այս տարի լրանում է (հուլիսի 29) հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը: Այդ առիթով դեռևս նախորդ տարի Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում կազմակերպվել էր մեծամասշտաբ ցուցահանդես. չորս ամսվա ընթացքում ցուցադրությունն ունեցել էր մոտ 600 հազար այցելու:
Հայաստանի Ազգային պատկերասրահը ծովանկարչի 200-ամյակի առիթով այս տարվա սեպտեմբերին կազմակերպելու է ցուցահանդես և գիտաժողով: Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը պատասխանել է Panorama.am-ի հարցերին՝ կապված մշակութային այդ միջոցառումների հետ:
Panorama.am-Պարոն Ծատուրյան, Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվելու Ազգային պատկերասրահի կողմից: Ե՞րբ են լինելու այդ միջոցառումները:
Արման Ծատուրյան-Նախ՝ շնորհակալություն ձեր լրատվականին Ազգային պատկերասրահին ուշադրության արժանացնելու և ձեր հետաքրքրվածության համար: Գիտեք, ես շատ եմ կարևորում մշակույթի դերը մեր հասարակության մեջ, առհասարակ մամուլի անդրադարձը, ԶԼՄ-ի մշտապես հետաքրքրվածությունը առ մշակույթ, առ թանգարան և առ Ազգային պատկերասրահ:
Ինչ վերաբերում է Հովհաննես Այվազովսկու միջոցառմանը, իհարկե, մենք կազմակերպում ենք հսկայածավալ ցուցահանդես: Ինչպես գիտեք, նախորդ տարի Պետական Տրետյակովյան պատկերասրհահն էր կազմնակերպել աննախադեպ ցուցադրություն, որին իր մասնակցությունն ունեցավ նաև Հայաստանի Ազգային պատկերասրահը:
Ազգային պատկերասրահն այս տարի սեպտեմբեր ամսին կազմակերպելու է ցուցահանդես: Ամսաթիվն ավելի ուշ կբարձրաձայնենք: Սա ևս մոտեցման մի ձև է, հանրությանը անակնկալ մատուցելու համար: Բացի ցուցահանդեսից, կկայանա միջազգային կարգի գիտաժողով, որը կնախորդի ցուցահանդեսի բացմանը:
Panorama.am -Ո՞րն է լինելու ցուցահանդեսի կոնցեպցիան, ի՞նչ աշխատանքներ են ցուցադրվելու, բացի Ազգային պատկերասրահի հավաքածուից, այլ թանգարաններից, պատկերասրահներից աշխատանքներ բերվելո՞ւ են Հայաստան: Եթե այո՝ կոնկրետ ո՞ր մշակութային օջախներից: Ավելի վաղ, պարոն Ծատուրյան, ասել էիք, որ Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում հնարավոր է Հայաստան բերվի «Քաոս» կտավը: Հայաստանցիները կտեսնե՞ն այդ կտավը ցուցահանդեսում:
Արման Ծատուրյան -Նախատեսել ենք ցուցադրությանը ներկայացնել Այվազովսկու այն գործերը, որոնք մինչ այս չեն ցուցադրվել, այսինքն ոչ միայն մեր մշտական ցուցադրության գործերն են, այլ նաև Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆոնդերում պահվող աշխատանքները: Իսկ ինչ վերաբերում է դրսից գործեր բերելուն, այո, Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և մեր թանգարանի ջանքերով Հայաստան է բերվելու Հովհաննես Այվազովսկու հայտնի «Քաոս» աշխատանքը, որը պահվում է Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում, և մեր հանրությունը հնարավորություն կունենա տեսնել այդ հանճարեղ կտավը: Ես հավատացնում եմ, որ սեպտեմբեր ամսին բոլորիս սպասվում է մեծ իրադարձություն և ակնկալում ենք թե մեդիայի մեծ ուշադրությունը, թե հասարակության հետաքրքրվածությունը:
Panorama.am -Գիտաժողովն ի՞նչ խորագիր է ունենալու, ովքե՞ր են լինելու հյուրերը, ովքե՞ր են հանդես գալու զեկույցներով:
Ա.Ծատուրյան-Գիտաժողովը կոչվում է «Ծովանկարչության սահմանները. նվիրված Այվազովսկու 200-ամյակին», իսկ ցուցահանդեսը կկրի «Արարում» խորագիրը: Անշուշտ, հյուրերն արդեն հրավիրված են և այդ գործընթացը դեռ ընթացքի մեջ է: Այս պահին աշխատանքներ են ընթանում նաև զեկուցողների, նրանց ելույթների, թեմաների հետ կապված: Գիտաժողովին մասնակցելու համար հրավիրված են անվանի արվեստաբաններ: Շատ հագեցած ծրագիր ենք կազմել, բայց կան մանրամասներ, որոնք դեռ պատրաստ չեն հրապարակման: Իրականում ասեմ, որ բավական մեծ աշխատանք է ընթանում, հավատացնում եմ՝ դյուրին աշխատանք չի, և որքան ժամանակը մոտենա, այնքան տեղեկատվության տարածումը կակտիվացնենք:
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկու մոսկովյան ցուցահանդեսը հայտնվել է 2016-ին աշխարհի ամենաշատ հաճախելիություն ունեցող ցուցադրությունների տասնյակում
- Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում հնարավոր է Հայաստան բերվի «Քաոս» կտավը
- Պետերբուրգում Այվազովսկու ցուցահանդեսի բացումից 1,5 ժամ առաջ արդեն հերթեր են գոյացել
- Այվազովսկու ցուցահանդեսն այցելուների թվով գերազանցել է Սերովի ցուցահանդեսի ռեկորդը
- Այվազովսկին դարձել է Լոնդոնում «ռուսական» վաճառքի «հաղթողը»
- Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին