Արթուր Ոսկանյան. Պետք է համբերատար լինեինք և օգտագործեինք հարմար պահերը
Եվրոպայի 2019 թվականի Մ-21 առաջնության Ջիբրալթար-Հայաստան ընտրական հանդիպումից հետո, ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ։
Հարց- Պարոն Ոսկանյան, ինչպիսի՞ն են Ձեր տպավորություններն ընտրական մրցաշարի առաջին խաղից։
Պատասխան- Սպասում էինք, որ դժվար խաղ է լինելու, քանի որ ուսումնասիրել էինք Ջիբրալթարի հավաքականին Ավստրիայի հետ խաղում։ Ամբողջ թիմով պաշտպանվում էին և ազատ գոտիներ չէին թողնում։ Ըստ այդմ, տղաներին ասել էինք, որ համբերատար լինեն, սպասեն հարմար պահերի և օգտվեն դրանցից։ Շատ լավ է, որ կարողացան արագ գոլ խփել և վստահ անցկացրեցին հանդիպումը։ Ինձ դուր եկավ, որ ամբողջ խաղի ընթացքում տղաները խաղացին անմնացորդ նվիրվածությամբ և կատարեցին իրեց աշխատանքը։ Իմ համար դա ամենկարևորն է։ Իհարկե սխալներ և բացթողումներ եղան, բայց դա ժամանակի հարց է, նոր թիմ է ստեղծվել, և ժամանակի ընթացքում այդ ամենը կուղղենք։
Հարց- Հսջողվե՞ց իրագործել այն, ինչ պլանավորել էիք այս խաղի համար։
Պատասխան- Պարզ է, որ ամեն ինչ չստացվեց, բայց կարևորն այն է, որ տղաները շուտ հասկացան մեր պահանջները, այն խաղաոճը, որը մենք ընտրել էինք և աշխատեցին մինչև վերջ կատարել այն, ինչ ուզում էինք։
Հարց- Առաջին հանդիպումը մրցաշարում, այն էլ հաղթանակը, միշտ էլ կարևոր է։ Առջևում հաջորդ խաղն է Ռուսաստանի հավաքականի հետ։ Ինչպե՞ս եք նախապատրաստվելու այդ խաղին։
Պատասխան- Այդ խաղին դեռ երկար ժամանակ կա, և նախապատրաստական փուլը մեծապես կախված է տղաների մարզավիճակից, և այն հանգամանքից, թե որ թիմերում են խաղալու։ Բոլոր դեպքերում լրջորեն մոտենալու ենք այդ խաղին, քանի որ Ռուսաստանի հավաքականը շատ ուժեղ է և ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար։
Հարց- Նոր ֆուտբոլիստներ լինելու՞ են հավաքականում։
Պատասխան- Այո։ Արտերկրում կան ֆուտբոլիստներ, որոնց արդեն այս հավաքի ժամանակ հրավիրել էինք թիմ, կան ֆուտբոլիստներ, որոնց հետևում ենք, ինչպես նաև հրավիրվելու են Հայաստանի առաջնությունում հանդես եկաղ խաղացողներ։ Մենք ունենք մոտ 35-40 ֆուտբոլիստների ցուցակ, որոնց անընդհատ հետևում ենք և բացառված չէ, որ նրանցից ոմանք կհրավիրվեն հաջորդ խաղին։