Գործարկվել է Երևան - «Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին
Երևանի Հանրապետության հրապարակից, ուղիղ ժամը 10:00-ին, «Զվարթնոց» օդանավակայան ուղևորվող ավտոբուսն սկսեց իր երթուղին։ Նույն ժամին օդանավակայանից Երևան է շարժվել հակառակ ուղղությամբ ուղևորվող ավտոբուսը։ Առաջին ուղևորներն առայժմ լրագրողներն ու նախարարության աշխատակիցներն էին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Արսենյանը նշել է, որ որպես սկզբնակետ ընտրված է Հանրապետության հրապարակը՝ հաշվի առնելով, որ այստեղ մեծ է զբոսաշրջիկների հոսքը, բացի այդ, մոտ է մետրոյի կայարանին։
«Սա փորձնական երթուղի է։ Փորձարկման ժամանակաշրջանում կկատարվեն ուսումնասիրություններ՝ հաշվի առնելով ինքնաթիռների չվացուցակները, օրվա տարբեր ժամերին ուղևորահոսքի քանակը և, ըստ այդմ, կկատարվեն փոփոխություններ»,- ասել է նա:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ընդամենը երկու կանգառ կատարելով՝ Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» կանգառում և Կենտրոնական ավտոկայանի տարածքում, 20 րոպե անց ավտոբուսն արդեն օդանավակայանում էր:
Այստեղ առանձնացված է հատուկ անվճար անցուղի, որտեղով իրականացվում է այս երթուղով տրանսպորտային միջոցների ելումուտը։ Օդանավակայանի անմիջապես մուտքի դիմաց ցուցանակն ազդարարում է ավտոբուսի կանգառը։
«Զվարթնոց» օդանավակայանի տնօրինության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ավտոբուսային և միկրոավտոբուսային ուղերթերի մասին իրազեկող վահանակներ կտեղադրվեն օդանավակայանի տարածքում:
Տեղեկանալով հարմարավետ ավտոբուսներով և մատչելի գումարով (փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է) Երևանի կենտրոն հասնելու հնարավորության մասին՝ հինգ ուղևոր ցանկություն հայտնեցին օգտվել այս երթուղուց:
Ուղիղ ժամը 11:00-ին ավտոբուսն արդեն ուղղություն է վերցրել դեպի Երևան։ Հանրապետության հրապարակում հաջորդ ուղերթին պատրաստ արդեն մյուս ավտոբուսն էր սպասում, որն իր ուղերթը սկսեց ժամը 12:00-ին։ Այդպես յուրաքաչյուր կլոր ժամը մեկ՝ 24 ժամ անընդմեջ։
«Էլիտ բաս» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իրականացնել փորձնական երթուղու սպասարկումը: Մեկ-երկու ամիս անց, հաշվի առնելով բացթողումներն ու թերությունները, համապատասխան կարգով կհայտարարվի մրցույթ։
Հարակից հրապարակումներ`
- Կգործի Երևան-«Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղի
- Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին վարորդներ «Զվարթնոց» օդանավակայանում. Վարչապետը՝ տաքսի ծառայությունների մասին