Հայ-ճապոնական հարաբերությունները կայուն զարգացում են ապրում. Էդվարդ Նալբանդյան
Հունիսի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկայի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, որին նպաստել են 2010թ.-ին՝ Տոկիոյում և 2015թ.-ին՝ Երևանում Հայաստանի և Ճապոնիայի դեսպանությունների հիմնումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Շինիչի Կիտաոկան նշել է, որ Հայաստան այցելությունն իր համար հերթական գործուղում չէ, այլ այցելություն հին քաղաքակրթություն ունեցող երկիր։ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահի բնորոշմամբ՝ մեր ժողովուրդներին միավորում է գրքի, գիտելիքի, ավանդույթների նկատմամբ խորը հարգանքը և աշխատասիրությունը։
«Ինձ համար հուզիչ էր այցելել Սպիտակ և տեսնել Ճապոնիայում 2011թ. երկրաշարժի և ցունամիի զոհերին նվիրված հուշարձանը։ Սա նշանակում է, որ մեր բարեկամությունը չի սահմանափակվում դիվանագիտական հարաբերություններով, այլ սփռվում է անդին, քանզի մենք օժանդակել ենք միմյանց դժվարության պահին և կիսել ենք միմյանց վիշտը», - ընդգծել էՇինիչի Կիտաոկան։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ու ընդլայնման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։
Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել Անկախությունից ի վեր Հայաստանի զագացման նպատակով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով ցուցաբերված աջակցության, ինչպես նաև տարբեր ոլորտներում մի քանի հարյուր հայ մասնագետների վերապատրաստումը Ճապոնիայում կազմակերպելու համար:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների, գիտության, կրթության, տարերային աղետների կանխարգելման, ենթակառուցվածքների, տուրիզմի ոլորտներում հայ-ճապոնական փոխգործակցության խթանման ուղիների շուրջ:
Նախարար Նալբանդյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։