Կառավարության նոր ծրագիրն իր հստակությամբ, չափելիությամբ տարբերվում է նախորդներից. Ա. Վարդանյան
ՀՅԴ-ն արդեն ծանոթացել է կառավարության նոր ծրագրի աշխատանքային տարբերակին, եղել են քննարկումներ։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի գնահատմամբ, կազմված է համապարփակ և շատ մանրակրկիտ ծրագիր՝ հստակ ժամանակացույցով, ժամկետներով, ոլորտային հստակ առաջադրանքներով:
«Խորապես համոզված եմ, որ սա հավակնոտ, լուրջ առաջադրանքներ պարունակող ծրագիր է, տարի առ տարի որ ոլորոտում ինչ պետք է կատարվի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ-ական գործիչը:
Նա ասաց, որ իր ոճով, հստակությամբ, չափելիությամբ տարբերվում է նախորդ ծրագրերից:
«Այսպիսի հստակ թիրախներով ծրագիր չի եղել: Ոչ միայն իրատեսական է, այլև ավելի հավակնոտ, լուրջ խնդիրներ առաջադրող»,- հավելեց Ա. Վարդանյանը:
Հարցին, թե Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այս կառավարությունն արդեն 8-9 ամիս աշխատում է, որևէ փոփոխություն կատարվե՞լ է այս ընթացքում, ՀՅԴ-ական պատգամավորն ասաց, որ Հայաստանում իսկապես սկսվել է որակական փոփոխությունների փուլ:
«Մի շարք ոլորտներում՝ հարկային, մաքսային, դատական համակարգում, տնտեսության ճյուղերում նախաքայլեր են կատարվում, այդ փոփոխությունների հիմքերն են դրվում»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան